Լեգենդար Կոմանդոսն այսօր դառնում է 80 տարեկան․ Անիի ավերակների դիմաց նա բարձրացրեց Հայոց Եռագույնը (Ֆոտո, տեսանյութ)

590

Այսօր Արկադի-Տեր Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է. լեգենդար հրամանատարը դառնում է 80 տարեկան:

Լեգենդար Կոմանդոսն այսօր դառնում է 80 տարեկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրկադի-Տեր Թադևոսյանը ծնվել է 1939 թ.-ի մայիսի 22-ին, Վրաստանի Խորհրդային Հանրապետության Թբիլիսի քաղաքում: 1962թ. ավարտել է Բաքվի հետևակային ռազմական ուսումնարանը: 1972թ. ավարտել է Լենինգրադի ռազմական ակադեմիան:
Եղել է ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից: 1962-1990թթ.` ծառայել է Լենինականում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելոռուսիայում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:
1988թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհազորայինների ուսուցման և պատրաստման գործընթացում: 1990թ.-ի մայիսին զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին: 1991թ. մայիսի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Պաշտպանության կոմիտեի արտազորային պատրաստության բաժնի պետ: 1991թ.-ի հուլիսի 13-ին ԼՂ ինքնապաշտպանական ուժերի գործունեությունը համակարգելու և կամավորականներին ռազմակամ գործ ուսուցանելու նպատակով գործուղվել է Ստեփանակերտ:
1992թ. փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն Խորհուրդի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար: 1992–2001թթ.՝ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: 2001թ.-ից եղել է ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահ:
2009թ. մայիսի 8-ին ԼՂՀ նախագահի թիվ 40 հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:
1992թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1991-1992թթ. Տեր-Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարինշենի ազատագրական, Մարտակերտի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերը:
1991–1992թթ. նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրման պլանը և 1992թ.-ի մայիսի 8–9-ին իրագործվել մարտավարական տեխնիկայի բարձր մակարդակով:
Լեռնային պայմաններում վարպետորեն կռվելու համար Աֆղանստանում նրան անվանում էին «Լեռնային աղվես» («Горный лис»), իսկ Արցախում` անձնական քաջության և հրամանատարական օժտվածության համար, ազատամարտիկների և խաղաղ բնակիչների շրջանում ստացել է «Կոմանդոս» պատվանունը:

«Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ լեգենդար զորահրամանատր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առիթով ուխտագնացություն էր կազմակերպվել Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղ:

Չնայած Կոմանդոսի հոբելյանական տարեդարձի օրը մայիսի 22-ն է, բայց միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ այն նշվել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանի հայրենի գյուղում, որը գտնվում է հայ-թուրքական սահմանին, և այնտեղ ապրել են Կոմանդոսի պապերն ու ծնողները, իսկ ինքը ծնվել է 1939 թվականին, Թբիլիսիում:

Կոմանդոսի մանկությունն անցել է Խարկովում, մշտապես ամառային արձակուրդների ընթացքում հյուրընկալվել է տատիկի ու պապիկի տանը, ովքեր Արևմտյան Հայաստանից գաղթել ու վերաբնակվել են Անիի տարածաշրջանի Խարկով գյուղում, որը գտնվում է Ախուրյան գետի ափին, իսկ մյուս ափին Անի մայրաքաղաքն է, որը մշտապես եղել է խարկովցիների ու Կոմադոսի տեսադաշտում:

Հիմա փոքրիկ գյուղը լքված է, այնտեղ բնակվող միակ մարդը 83-ամյա Վահանդուխտ տատին է, ում հետ առաջինը հանդիպեցին Արկադի Տեր -Թադևոսյանն ու  հյուրերը, զրուցեցին, ապա Կոմադոսը ոտքով քայլեց դեպի գյուղի եկեղեցին, որի առաջին վանահայրը եղել է իր պապը՝ Տեր Թադևոսը:

Եկեղեցու մկրտարանում մոմ վառելուց ու աղոթք հնչեցնելուց հետո զորահրամանատարն ու հյուրերը շարժվեցին դեպի զինվորական դիտակետերից մեկը, որտեղից շատ լավ է երևում Անիի տաճարն ու եկեղեցիները: Ուխտագնացության մասնակիցները նաև մեծ եռագույն պարզեցին ձորափին ՝ ի նշան հայկական գյուղի գոյության:

Հայրենի գյուղում շրջայցից հետո, Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80- ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը շարունակվեց Գյումրիի նախկին Սպայի տանը, որտեղ  համեստ ու  իրված հրամանատարին շնորհավորելու էին եկել նրա զինակից ընկերը, Շուշիի  ազատագրման մասնակից գյումրեցի ազատամարտիկները, Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներն ու  տասնյակ գյումրեցիներ, ովքեր հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար զորահրամանատարին: