Հիմնականում գերեվարվել են Հոռոմ, Լանջիկ, Ազատան գյուղերի բնակիչները. ճանապարհներ են փակվելու

181

ba211aa0-3f74-11eb-bff6-b985bc8c7b999c032779d53d081823a92e52f2d7636b_XL.jpg

Շիրակի մարզի Հոռոմ և Լանջիկ գյուղերի բնակիչները պատրաստվում են փողոց փակել` գերի ընկած իրենց համագյուղացիներին վերադարձնելու պահանջով։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Շիրակի բնակիչ Կարապետ Պողոսյանը։

«Մեր մարզից 150 հոգի գերի է ընկել Խծաբերդի կողմերից։ Շրջափակման մեջ են եղել 3-4 օր, լրիվ մոռացության են մատնվել, իսկ հիմա գերի են։ Հոռոմի ու Լանջիկի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել, ես գնալու եմ նրանց մոտ, տեսնեմ` ինչ կա», – ասաց Պողոսյանը։
Հիմնականում գերեվարվել են Հոռոմ, Լանջիկ, Ազատան գյուղերի բնակիչները։ Վերջինիս գյուղապետը գալու է Երևան` հարցը տեղի իշխանությունների հետ պարզելու։

Ավելի վաղ հատնել էինք, որ Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։

Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր եղել է շրջափակման մեջ, իսկ երեկ արդեն ադրբեջանական տիրույթում տեսել են, թե ինչպես այդ ջոկատը գերի է հանձնվում: Նա նշեց, որ վերջին անգամ փեսայի հետ խոսել են կիրակի` ժամը 12-ից հետո:

«Ասաց` մեզ ասել են` իջնենք ներքև, մեքենա վերև չի ելնում, մենք ձեզ կփոխարինենք, ու դրանից հետո տեղեկություն չկա, ու արդեն նկար են գցել, որ Ադրբեջանին գերի են հանձնվել: Փեսայիս բարեկամները գնացել են Արցախ, իրենց ասել են` տեսնենք` ռուս խաղաղապահների գեներալներն ինչ կասեն, եթե ռուսը պետք է ասի, բա մեր պետություն ո՞ւր է»,–ասաց նա։

Հայկազ Կորյունի Հովհաննիսյանն ունի 2 երեխա: Տիկին Ռ.–ն հաստատեց մեր այն տեղեկությունը, թե խոսք է գնում, որ շրջափակման մեջ գտնվող անձանց մեծամասնությունը Շիրակի մարզի բնակիչներ են:

«Այո, մեծամասնությունը Շիրակի մարզից են, ասում են` 150 հոգի, հատկապես Սարապատ համայնքից, իմ փեսայի ընկերները հենց մեր մարզից են: Կոնկրետ գիտեմ` իր հետ ովքեր են եղել: Չգիտեմ` ինչ է կատարվում, մի հատ հլը գնացեք Աշոցք, տեսեք. զոհերը քիչ էին, հիմա էլ գերիները»:
Ըստ տեղեկությունների` շիրակցի կամավորականները գերի են ընկել Խծաբերդի հատվածում: Նրանց մեջ կան ՏԻՄ պաշտոնյաներ։