Արթուր Մեսչյան — ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ…

595

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:
Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
Կսպանվի սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանի,
Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:
Զարմանում եմ ես, որ նորից-նորից, գլուխը կորցրած,
Ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած:
Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում:
Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում:
Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից,
Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,
Խուլ ու հնազանդ չարին հանձնված այս մեծ աշխարհից
Եվ մարդկանց անդունդը տանող ճանապարհներից: