Քանի դեռ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

575

Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջին ամիսները, ըստ Փաշինյանի, ցույց տվեցին, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ չկա։

«Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու, մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար ստանա, այսինքն, ինքն իմանա, որ հինգ տարի կա կայուն խորհրդարանական մեծամասնություն, որը կառավարության հետ աշխատելու է», — ասաց վարչապետը՝ շարունակելով. — «Իհարկե այս վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում այսպիսի իրավիճակ՝ առնվազն վստահելի իրավիճակ, մենք չունենք»։

Նշելով, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել, վարչապետը հայտարարեց՝ այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, առայժմ՝ աշխատանքային կարգով, քննարկումներ կսկսի։

«Հաջորդ փուլում արդեն այդ քննարկումները տեղի կունենան պաշտոնապես, չնայած պաշտոնապեսի ու աշխատանքայինի միջև մեծ տարբերություն չկա, որովհետև բովանդակությունը դուք գիտեք, թե ինչի մասին ենք խոսելու՝ խոսելու ենք, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով պետք է հասնենք շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների», — ասաց Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ հարցի վերաբերյալ խորհրդարանական ուժերի հետ իրենց կհաջողվի համաձայնության գալ, և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։

«Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այս գործընթացին ձեր աջակցությունը ցուցաբերել՝ այս կամ այն ձևով», — ասաց Փաշինյանը։

Անցած շաբաթ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ, երեկ էլ վարչապետը չբացառեց, որ դրանք կանցկացվեն արդեն այս տարվա վերջին:

Նշենք, որ Փաշինյանն այսօր կհանդիպի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

https://www.azatutyun.am