Վանաձորի ավագանին հաստատել է 2023–ի բյուջեն.

563

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին դեկտեմբերի 14–ին, արտահերթ նիստում ընդունել է 2023 թվականի տարվա բյուջեի նախագիծը եւ օրակարգում ընդգրկված 32 հարցերից եւս 5–ը։

Նիստին ներկայացել են ավագանու 5 խմբակցություններից 3–ը՝ Արկադի Փելեշյանի գլխավորած «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը», «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, իսկ առավել շատ մանդատ ունեցող «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունից նիստին մասնակցել են միայն երկուսը՝ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը։ «Հայրենիք» խմբակցության անդամները չեն ներկայացել նիստին։

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։ Հիշեցնենք, որ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ԼՀԿ–ն ցանկանում է պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։