ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՂԱԽՎԱԾ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԳՈՀԱՐՆԵՐՈՎ

569

 

2022 թվականի  հունիսի 26-ին,  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում ՀՀ Վանաձորից ժամանած  գրող, գրականագետ, պատմագետ, հրապարակախոս Կարո Վարդանյանի և ասմունքի վարպետ, արտիստ Ջիվան սարի (Սարգսյան) հետ: Միջոցոառումը նախաձեռնել էր «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ղեկավար  Նորայր Զուլոյանի գլխավորությամբ և մասնակցությամբ:

Հայոց պատմության  էջերից բխող հայրենասիրության ոգին էր  թևածում կենտրոնի դահլիճում: Հանդիսատեսը եկել էր մաքառումներով  լեցուն ազգի պատմության էջերից լսելու Ազգային հերոս, արժանավոր հայորդի Անդրանիկ Օզանյանի  գործունեության,  նրա անսահման  հայրենասիրության,  հայրենիքի պետականության, ինքնիշխանության և  տարածքների պահպանության  համար մղած մարտերի անտիպ էջերից: Հատկանշական է, որ  դահլիճում գերազանցում էր  երիտասարդների ներկայությունը:

Բացելով  հանդիպումը և ողջունելով հյուրերին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը կարևորեց հայոց պատմության դասախոսությունը և հայ գրականության հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքը, որն անշուշտ մայր Հայաստանից  դուրս գտնվող յուրաքանչյուր հայի կարոտն է, հայրենասիրության ոգին: Կենտրոնի ղեկավարը արժևորեց այն, որ Ինտերկապ բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած  ոգեշունչ հանդիպումների շարքը մեկնարկում է  Թբիլիսիից, ի մասնավորի թեմի «Հայարտուն» կենտրոնից և շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, ինչպես նաև իրականացվելու է Գերմանիայում, Ֆրանսիայում և  եվրոպական այլ երկրներում:

Img

Անցյալ դարի 90-ական թվականներին հիմնադրված «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպության ակտիվ գործունեությամբ և Թբիլիսիի բեռնափոխադրական կազմակերպության  բարի կամքի դրսևորմամբ, 25 տարի շարունակ, տարեկան չորս անգամ իրականացվել է Վրաստանի տարածքով շուրջ 15 բեռնատարների անվարձահատույց տարանցում: Ի նշանավորում բարեգործական համագործակցության Նորայր Զուլոյանը կազմակերպության անունից շնորհակալագրեր հանձնեց համագործակցության ղեկավար Թամազ Բեքաուրիին և գործողություններին աջակցող Յուրի Ակուլյանին, Լևան Կենճաձեին և Օմարի Սիսաշվիլիին:

Ներկաները  մեծ հետաքրքրությամբ  ունկնդրեցին պատմագետ Կարո Վարդանյանի դասախոսությունը, որը ոչ միայն լեգենդար հրամանատարի  հերոսական հաղթական ճակատամարտերի, հայրենասիրական  մեծ ոգու մատենագրություն էր, այլև փաստարկներ և  տարբեր   մարդկանց հուշեր: Դասախոսությունը ներկաների մոտ ծնեց բազում հարցեր, որոնց պատասխանները  խորը և գիտականորեն հիմնավորված էին:

Ասմունքի վարպետ Ջիվան սարի (Սարգսյան) հայրենասիրական  բանաստեղծությունները  շաղկապվեցին դասախոսության ոգուն, վերհանելով մայր հայրենիքի  նկատմամբ կարոտը, հայրենիքի  օրհասական  ներկայի, 44-օրյա պատերազմի  հազարավոր զոհերով և տարածքների կորստով պայմանավորված ցավը:

Միջոցառումն ամփոփեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Փոխանցելով թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը, վերջինս խոսեց հայ ժողովդի  դաժան ճակատագրի,  մազապուրծ փրկված և  աշխարհով մեկ  սփռված հայության մասին, որը պետք է ապրի, հարատևի  ու բազմանա՝ պահպանելով հայի տեսակը, ապրելով հայի առաքելությամբ:

Միջոցառումը դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղեցիկ և  բովանդակալից էջերից մեկը:

Img