Արցախցիները շարունակում են արարել Վանաձորում. (տեսանյութ)

538

Region 5+ մեդիա հարթակի այս շաբաթվա թողարկման առանցքում Արցախի հարցն է, արցախցիների ճակատագիրը եւ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ու նոր գործընթացները: Տարբեր տեսանկյուններից հայաստանյան հինգ լրատվամիջոց անդրադարձ է կատարել հակամարտությանը, բանակցություններին, սահմանագծման և սահմանազատման խնդիրներին, զրուցել Հայաստանի քաղաքացիների և Արցախից տեղահանվածների հետ՝ հասկանալու համար՝ ինչ կարծիք ունեն բանակցային գործընթացի եւ Արցախի կարգավիճակի մասին: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության բանակցությունների» ընթացքում հաճախակի լսվում են թշնամու թիրախային կրակոցները: Բրյուսելյան եռակողմ հանդիպումից 6 օր անց մենք հերթական կորուստն ունեցանք: Դիպուկահարի դավադիր կրակոցից զոհվեց պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Բայց Հայաստանը շարունակաբար խոսում է խաղաղության օրակարգի մասին, իսկ սահմանային միջադեպերը չեն դադարում, Արցախի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ անորոշ, Ալիեւի հիվանդագին երեւակայությունն էլ նոր հորիզոններ է գրավում: Եվ տարբեր օրակարգերով հայ-ադրբեջանական հանդիպումներից հետո մտահոգություններն ավելանում են։