Երևանում հերթական արձանն են վնասել․ ինչո՞ւ են հուշարձանները հայտնվում վանդալների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

216

 

Երևանում հերթական արձանն են վնասել․ ինչո՞ւ են հուշարձանները հայտնվում  վանդալների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Երևանում հերթական արձանն են վնասել․ ինչո՞ւ են հուշարձանները հայտնվում վանդալների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։ Սա եզակի դեպք չէ։ Հուշարձանների ու արձանների գողության, պղծման, վանդալիզմի դեպքերը վերջին ամիսներին նկատելիորեն ավելացել են: Հայաստանի տարածքում շուրջ 25 հազար միավոր հուշարձան կա, որոնք գրանցված են պետական ցուցակներում, և այս թիվը օրեցօր ավելանում է: Թիրախի կենտրոնում են հատկապես մայրաքաղաքի արձաններն ու հուշարձանները: Հունվարի 14-ին գողացել էին Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը, փետրվարի 12-ին՝ պղծել Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, մարտի 14-ին «Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի արձանը, մարտի 24-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնից՝ գրող Շուշանիկ Կուրղինյանի արձանը, իսկ հաջորդ օրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված լրագրողի արձանի ոտքերը: Հուշարձանների վնասման, վանդալիզմի դեպքերի համար սահմանված պատժամիջոցները տարբեր են՝ տուգանքից մինչև 3-5 տարվա ազատազրկում՝ կախված նրանից, թե արձանը գողացվել է, պղծվել, թե՞ վնասվել։ Ամեն դեպքում, մշակութային գործիչների կարծիքով, սահմանված պատժատեսակները մեղմ են։ Լոռեցի Սաքոյի արձանն ի սկզբանե տեղադրված է եղել Երևանում։ Մի քանի անգամ այն վնասել են, կոտրել, գողացել։ Միայն 7 տարի հետո է արձանը վերականգնվել հեղինակ Սարգիս Բաղդասարյանի քանդակագործ որդու՝ Աշոտ Բաղդասարյանի կողմից: 2 ամիս տևած աշխատանքներից հետո այն տեղադրվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում: Ավելացող այսպիսի դեպքերից խուսափելու համար պարզապես պետք է վերահսկողություն սահմանել։ Մշակութային արժեքները պաշտպանելու ամենաարդյունավետ ճանապարհը դա է՝ վստահ է մշակութաբան Կարինե Հակոբյանը։ Պետական մարմիններն այդ հնարավորությունը չունեն՝ հակադարձում է ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Ի դեպ՝ պղծում կամ վնասում են հատկապես քար-մետաղ համակցությամբ մշակութային արժեքները: Իսկ դրանք հին տեսքի բերելու համար ժամանակ ու միջոցներ են անհրաժեշտ: Ոստիկանությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշեցին, որ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է արձանների գողության 4 դեպք, որից 2-ը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում՝ Երևանի տարածքում արձանագրվել և բացահայտվել է վանդալիզմի 2 դեպք՝ վնասել են «Հաղթանակ» զբոսայգում «Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում» տեղադրված հուշաքարը և «Օղակաձև» զբոսայգում տեղադրված «Հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության» հուշարձանը: Մյուս՝ չբացահայտված դեպքերի վերաբերյալ համապատասխան միջոցառումներ են իրականացվել: Մանրամասները՝ տեսանյութում։ Կարինե Հովհաննիսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/361820.html

© factor.am