Դիմակ չկրողներին պետք է տուգանել. Առողջապահության նախարար

1505

Դիմակ չկրողներին պետք է տուգանել. Առողջապահության նախարար

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրեց, որ բավականին երկար ընդմիջումից հե­տո մենք նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի էական աճ ունենք: Ավելի կոնկրետ՝ մեկ օրում 700-ից ավե­լի ախտորոշված ունենք: Առողջա­պահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ մանրամասնեց՝ մեկ օրում իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Եվ սա մտահոգիչ է՝ հիվանդացության թվերն աճում են: Դրան նպաստում է նաև այն, որ կառա­վարությունը թուլացրել է վերահսկո­ղությունն այս հարցում, նախ՝ այլևս չեն տուգանում մարդկանց՝ դիմակ չկրելու համար, հետո՝ բազմամարդ հանրահավաքներ են անցկացվում արդեն մի քանի ամիս շարունակ, ինչն էապես մեծացնում է վարակվե­լու ռիսկը: Եվ այդ հանրահավաքները, բացի ընդդիմությունից, կազմա­կերպում է նաև ինքը՝ այս ամենի թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը, ում կոչով և ում կողմից «բերման ենթարկվելով»՝ հազարավոր քաղաքացիներ են գալիս հավաքվում հրապարակում և առանց դիմակի, իրար քիթ-քթի կանգնած՝ «Նիկոլ, վարչապետ» են գոռում:

Երեկ հետաքրքրվեցինք Անահիտ Ավանեսյանից՝ հնարավո՞ր է նորից խստացնեն վերահսկողությունը, դի­մակ չկրելու համար սկսեն տուգանել: «Տեսեք, դա կառավարությունն է որո­շում, Առողջապահության նախարա­րությունը տալիս է վերլուծություն, տալիս է առաջարկներ, միջոցա­ռումների այն ցանկը, որը նախընտրե­լի է, և կառավարությունը միասնա­կան որոշում է կայացնում՝ գնալ ավե­լի մեծ սահմանափակումների, թե՞ չգնալ»,- ասաց նա:

-Այսինքն՝ այս պահին տուգանքի նորմը կա, օրենքով պետք է տուգա­նեն, ճի՞շտ է:

-Այո, միանշանակ, Դուք էլ, խնդրում եմ, կրեք: Իսկապես եմ ասում: Դուք՝ լրագրողներդ, էնքան շատ մարդու հետ եք շփվում և անընդհատ տարբեր խմբերում աշխատող մասնագիտության տեր մարդ եք, ու կխնդրեմ, որ կրեք:

-Շատ լավ, նկատի կունենանք Ձեր խնդրանքը: Այսինքն՝ ինչպե՞ս հասկացանք, օրենքով՝ հիմա ինձ էլ պետք է տուգանեն, ինչպես մյուս դիմակ չկրողներին, սակայն բա­րի կամքի դրսևորմամբ կամ այլ պատճառներով չե՞ն տուգանում:

-Այո, և գիտեք, մեր քաղաքակա­նությունը եղել է ոչ թե տուգանելը, այլ տուգանքն այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի: Մինչև տուգանքը, կա նախազգուշացում, կա հորդորում, և ես այս շաբաթվա ընթացքում, նաև տեսչական մարմինները անցկացրել են բավականին լայնածավալ աշխա­տանքներ, նախազգուշացնում են տնտեսվարողներին, որ մինչև տուգանելը հնարավորինս վերա­կանգնվի մեր վարքագիծը:

-Բայց մենք տեսնում ենք, որ եթե առաջ շատ դեպքերում ուղղա­կի անհարկի էին տուգանում՝ ամեն քայլափոխի, ապա հիմա անգամ չեն նախազգուշացնում, որ դիմակ կրեն:

-Գիտեք, ամեն ինչ ողջամտության սահմաններում պետք է լինի: Հենց հիմա էլ ես ասում եմ՝ և՛ տեսչական մարմինները, և՛ ոստիկաններն այդ առաջին փուլով փորձում են քաղա­քացիներին զգուշացնել, հորդորել, որ հետո չասեն՝ միանգամից տուգանում են:

-Իսկ Դուք, օրինակ, վարչապե­տին հորդորե՞լ եք լայնածավալ մի­ջոցառումներ, բազմահազարանոց հանրահավաքներ չկազմակերպել, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն:

-Նայեք, մենք ունենք կարանտի­նի մասին որոշում, որտեղ հստակ սահմանափակում այս պահին հավաքների մասով չի գործում: Եվ ես հորդորում եմ, և իմ խոսքերն էլ պիտի տեղավորվեն առկա կարգավորումնե­րի մեջ: Իմ ասածն է, որ առկա կարգավորումներով դիմակը պարտադիր է, ուրեմն մենք պիտի պարտադիր կրենք դիմակ, ինչպես բոլոր երկրներն են կրում:

-Իհարկե, բազմահազարանոց հանրահավաքներ նաև ընդդի­մությունն է անցկացնում, նույնն իրենց էլ է վերաբերում, բայց քա­նի որ Դուք՝ որպես իշխանություն, հորդորում եք դիմակ կրել, դրա համար հատուկ մատնանշում եմ վարչապետի հրավիրած հանրահավաքները, որտեղ հազարավոր մարդիկ առանց դիմակի են լինում:

-Շատ վատ է, որ առանց դիմակի են:

-Դուք չե՞ք խոսել վարչապետի հետ այդ թեմայով:

-Ես Ձեզ ասացի, որ էն կարգա­վորումները, որ կան, պիտի դրանք պահպանվեն:

-Ստացվում է՝ դուք էլ եք խախտում օրենքը:

-Ես չեմ խախտել:

-Ձեզ նկատի չունեմ, այլ ձեր թի­մին:

-Բայց Դուք ասացիք՝ կարճ հարց ունեք ինձ…»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում