Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա նաև Գերմանիայի Կալկար քաղաքում գտնվող Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրեն է: Այս մասին հայտնում են Հայկական ավիացիայից։
Դաշինքի օդային ուժերի հրամանատարի կարգավիճակում գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմանների գործողությունների ժամանակ անդամ երկրների օդային և հրթիռային պաշտպանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի առջև: Նրա հրամանատարությունն ապահովում է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա և Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա՝ ներառյալ ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական երկրները: Բացի դրանից՝ ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների դեպքում նա լինելու է ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրամանատարը:
Գեներալ Հարրիգյանը ծառայության է անցել 1985-ին ՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո: Նա մարտական առաջադրանքներ է կատարել «Արդար գործ», «Անապատի փոթորիկ» և «Բնորոշ լուծումներ» գործողությունների ժամանակ, մասնակցել է նաև Իրաքյան պատերազմին:
Գեներալ Հարրիգյանը նշանակումից առաջ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Միացյալ Նահանգների Եվրոպա – Աֆրիկայի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ էր:
Հարրիգյանը օդաչու-հրամանատար է, կատարել է 4100 ժամվա թռիչք F-22, F-15C, A / OA-37 և MQ-1 ինքնաթիռներով: