Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաեւ, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ:
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս եւ նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը եւ մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն:
Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որեւէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:
Առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում:
Մշտադիտարկումն ակնհայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունների դեպքում անհրաժեշտ է մշտապես գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից մարդասիրական պայմանավորվածությունների անխափան իրականացումը, մարդու իրավունքների միջազգային պահանջների անխախտելիությունը: