«Հադրութն ու Շուշին կարող ենք ետ բերել միջազգային համաձայնագրերով» .Հովհաննես Իգիթյանի հարցազրույցը

187

 

«Հադրութն ու Շուշին կարող ենք ետ բերել միջազգային համաձայնագրերով» .Հովհաննես Իգիթյանի հարցազրույցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր: Նա վստահեցնում է, որ վարչապետը`անկախ նրա ով լինելուց, պարտադիր պետք է գնար Եռաբլուր: Հարցին` դեպի Եռաբլուր ծափերով, «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով, սգո անվանված երթը, որը ընդդիմախոսները անվանեցին «Եռաբլուրի գրավման օպերացիա», ի՞նչ բերեց առանց այդ էլ պառակտված հասարակությանը, նա պատասխանեց, որ «հին ժամանակաշրջանի» մարդ է մնացել եւ տեսել է, որ ցավի ժամանակ մարդիկ միավորվում էին եւ հակասությունների վետտո էր հայտարարվում այդ օրը: Օրինակ է բերում հայերի` ապրիլքսանչորսյան համախմբումը: Այս համատեքստում, Հովհաննես Իգիթյանը շատ կցանկանար, որ այդ ողբերգական օրը նույնպես այդպես լիներ. «Եկեք մեղավորներ չփնտրենք` մեկն այսպես էր ասում, մյուսը`ասում էր`չպիտի գաս… Եթե այդ օրը մենք մեր մեջ չգտանք այդ մեծահոգությունը, նշանակում է, որ իրապես խնդիր կա»: Հովհաննես Իգիթյանն, ի դեպ, Եռաբլուր չի գնացել, քանի որ առողջական խնդիր ունի, երկար քայլել չէր կարող: Հայաստանում սկսված «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերի մասին խոսելով, Հովհաննես Իգիթյանն ասում է, որ ազգը անձի շուրջ չի միավորվում, այլ գաղափարի. «Բայց սա չի նշանակում, որ ես մերժում եմ քաղաքական պայքարը: Ես ընդունում եմ, որ ամեն մի մարդ, ամեն մի հոգեւորական, իրավունք ունի քաղաքական պայքար մղելու`առանց բռնության: Ես մի բան եմ ուզում, որ մեր պետությունն օրենքով աշխատի: Ես չեմ ուզում, որ մեր ոստիկանը ոչ համաչափ ուժ կիրառի որեւէ մեկի դեմ: Բայց ես չեմ ուզում նաեւ, որ մի քանի հոգի փորձեն մարդկանց մի մասին անախորժություն, անօրինականություն պատճառեն, քանի որ այստեղ ոստիկանությունը բավական բարդ վիճակում է հայտնվում»: Հովհաննես Իգիթյանը չի ցանկանում, որ իր բնութագրմամբ` «ներքաղաքական աժիոտաժի մեջ» մեր հիմնական ուղերձները կորչեն: Իսկ դրանք, ասում է` հետեւյալն են. Հայաստանի եւ Արցախի դեմ կատարվածն անարդարություն էր, Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի դերակատարությունն այս իրավիճակում, անընդունելի ենք համարում այս իրավիճակը, որում Հայաստանի երկարատեւ անվտանգության հարցեր կան: «Ցանկացած երկրի, եւ հատկապես` չճանաչված երկրի անվտանգության համակարգը լուծվում է ոչ միայն բանակով, այլ ավելի շատ միջազգային իրավունքի բանաձեւերով: Կոսովոյում այսօր թե սերբական փոքրամասնությունը, թե ալբանցիների մեծամասնությունն իրենց ապահով են զգում, որովհետեւ աշխարհը իրենց համար գտել է մի մոդել, որը բանակը եւ խաղաղապահ ուժերը չեն: Աշխարհը գտավ նոր բանաձեւ, որը ըստ էության, կիսաճանաչումն է, որը աշխատում է: Մենք էլ պետք է փորձենք միջազգային այն մոդելը գտնենք, որը կապահովի Արցախում ապրող հայության, այդ թվում հադրութցիների, շուշեցիների անվտանգությունը: Բանակով այսօր անհնար է վերադարձնել Հադրութը Արցախի կազմ, բայց բանաձեւերով հնարավոր է, որովհետեւ նախկինում գործող բոլոր բանաձեւերով Հադրութն ու Շուշին Արցախի մասն էին: Եվ այնտեղից վռնդված բոլոր հայերը վերադառնալու իրավունք պետք է ունենան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ. Զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին

«Առավոտ» օրաթերթ