Օրվա ուրախ լուրը․ Խծաբերդում 7 գյումրեցի կարողացել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ.

268

Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված գյումրեցի 7 կամավորականներ կարողացել են ճեղքել օղակն ու հասնել անվտանգ գոտի։

Այս մասին տեղեկացրեց ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չհրապարակելով մեր հերոսների անունները ու առայժմ նրանց հնարամտության մասին մանրամասներ չներկայացնելով։

Նա այս ուրախալի լուրով կիսվել է նաև ֆեյսբուքյան իր էջում, գրելով․ «Ուրախ լուր․ քիչ առաջ զանգահարեց Խծաբերդում շրջափակման մեջ գտնվող ընկերներիցս մեկը, իրեն ու ևս վեց գյումրեցու հաջողվել է ճեղքել օղակը, հասնել անվտանգ գոտի:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անուններ ու հանգամանքներ այսօր չեմ նշի»:

Հիշեցնենք, որ Խծաբերդում շրջափակման ու գերեվարման մեջ էին հայտնվել մոտ 160 Շիրակցի կամավորականներ, որոնց հարազատները վաղ առավոտից Շիրակի մարզի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացնում։

Նրանք փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհները, շրջափակել նաև Շիրակի մարզպետարանի շենքը։ Այս պահին դարձյալ հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց․ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են։