Հայկական կողմը նոր խաղի առաջ. Երևանը պատրա՞ստ է դրան

524

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 16-ի ուղերձում բավականին նկատելի էր պաշտոնական Երևանի հասցեին կշտամբանքի տոնայնությունը: Այն դրսևորվում էր ոչ միայն ուղիղ տեքստով հայտարարության մեջ, որում Հարությունյանը նշում էր պատերազմի ընթացքում բանակի հանդեպ իր դե յուրե իրավասության ու լիազորության և դե ֆակտո Երևանից իրականացվող կառավարման հակասության մասին: Ուղերձում բավականին հստակ էին որոշակի այլ թափանցիկ ակնարկներ, որոնց առկայությունը գործնականում հաստատեց մեր այն գնահատականը, ինչի մասին խոսել էինք դեռևս նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ մեկնաբանություններում, տարբեր առիթներով:

Խոսքն այն մասին է, որ Արցախում ռուսական ռազմական ներկայության և նոր ռեգիոնալ ստատուս-քվոյի պայմաններում, մեծ հաշվով, տեղի է ունենում Հայաստանից Արցախի «անջատում»: Արայիկ Հարությունյանի ուղերձը քաղաքական մակարդակում այդ անջատման ուրվագծեր կամ տոնայնություն պարունակող նկատելի տեքստ էր, ընդ որում՝ գուցե այդ իմաստով հիմնարար տեքստ, անգամ առաջարկ Երևանին նոր իրողությունների վրա կառուցված հարաբերության շուրջ քննարկումների համար: Բայց այդ առաջարկը, թերևս, ոչ թե նոր իշխանությանն է, այլ, այսպես ասած, ապագա, որը ձևավորվելու է անխուսափելիորեն, և հարցն այն է, թե երբ, ինչպես, ով է կառավարելու այդ ձևավորման գործընթացը, ով է հսկելու խաղի կանոնները, ընտրության պայմանները, ընթացքը և այլն: Այս հարցերն են այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում պայքարի կիզակետում կամ տողատակում:

Արցախի նախագահը, գործնականում հայտարարելով Արցախի իշխանության «վերակառուցման» մասին, միաժամանակ նաև բաց է թողնում Հայաստանի վերակառուցվելիք իշխանության հետ նոր հարաբերության ձևավորման օրակարգ ենթադրող հղումներ: Արայիկ Հարությունյանն այդ քայլն անում է անշուշտ՝ ինքնին հղվելով Արցախում Ռուսաստանի ազդեցության իրողության վրա: Հակառակ պարագայում, չունենալով այդ ամուր հենարանը՝ նա, իհարկե, զերծ կմնար պաշտոնական Երևանի պատասխանատվությունն ընդգծող ակնարկներից և տողատակում Հայաստանի ապագա իշխանությանն արվող առաջարկներից: Այն, որ Հայաստանում իշխանությունը պետք է վերակառուցվի, գործնականում ընդունում են բոլորը: Ինչպիսին կլինի նոր իշխանությունը, ինչպես նշեցինք՝ մեծ հարց է, սակայն, որ այն այլևս չի կարող լինել ներկայիս տեսքով, անկասկած է անգամ ներկայիս իշխանության համար: Սակայն ինչպիսի իշխանություն էլ ձևավորվի Հայաստանում, կասկածից վեր է, որ Հայաստան-Արցախ հարաբերությունը չի լինելու այնպես, ինչպես նախկինում: Եթե Ռուսաստանի համար Արցախի իշխանության հարցը, մանդատը մինչև պատերազմը, այսպես ասած, ուներ միջնորդավորված երկրորդային նշանակություն, ապա այժմ ստացել է առաջնային նշանակություն:

Միաժամանակ ակնառու է, որ Երևանն այդ հարցում չի կարողանալու մրցել Ռուսաստանի հետ: Ավելին, Հայաստանի ներքաղաքական դաշտում, այսպես ասած, հիմնական գործող սուբյեկտների գերակշռող մեծամասնությունը այդպիսի ցանկության կրող էլ չէ: Ըստ այդմ՝ խնդիրն այն է, թե Մոսկվան արդյո՞ք որոշակի ժամանակ անց թույլ կտա հայկական կողմին վերադարձնել Երևան-Ստեփանակերտ հարաբերության նախկին ստատուս-քվոն: Դա իր հերթին կախված է անշուշտ մի շարք հարցերից, որոնք ունեն աշխարհաքաղաքական ընդգրկում և պայմանավորված են ուժային կենտրոնների միջև փոխհարաբերությամբ, ընդ որում՝ ոչ միայն Կովկասում նրանց փոխհարաբերությամբ և ուժերի հարաբերակցությամբ, այլ ավելի լայն՝ թե՛ մերձավորարևելյան, թե՛ միջերկրածովյան իմաստով: Ընդ որում, այստեղ իրավիճակը կարող է լինել անգամ հակասական կամ հարաբերական, այն իմաստով, որ առժամանակ Արցախի հանդեպ ՌԴ ուղիղ հետաքրքրությունն ու Երևան-Ստեփանակերտ հարաբերության զուգահեռ, Մոսկվա-Ստեփանակերտ գծի ձևավորումը հայկական կողմի համար դառնա ճկուն խաղի հնարավորություն: Ամբողջ հարցն այն է, թե հայկական կողմում կա՞ն այդ խաղը վարելու պատրաստ էլիտաներ, որոնց նպատակը քաղաքականության մեջ ինքնուրույն խաղալն է, ոչ թե ուրիշի «սիրելի խաղացող» կարգավիճակի համար մրցելը: