Մանդատը վայր դրած «Իմ քայլ»-ի նախկին պատգամավորը` Լոռու մարզպետ նշանակվելու մասին…

350

Մի քանի օր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դրել մանդատը։ Դեռ այն ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ պատրաստվում է անցել աշխատանքի գործադիրում։

Newspress.am-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանը հաստատեց իր հայտարարությունը և հավելեց, որ դեռևս հստակ որոշում չկա, թե կոնկրետ ինչ պաշտոն կզբաղեցնի։

«Մինչև այս պահը ես իմ գործընկերների հետ քննարկման փուլում եմ, դեռ հստակեցված չէ»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե այդ շրջանակում արդյոք քննարկվո՞ւմ է նաև Լոռու մարզպետի պաշտոնն զբաղեցնելու հարցը, Արամ Խաչատրյանը պատասխանեց, որ քննարկվում են մի քանի տարբերակներ։

«Թույլ տվեք հիմա փակագծեր չբացեմ, մոտ օրերս դուք դրա մասին հստակ կիմանաք»,- ասաց նախկին պատգամավորը:

Նա նշեց նաև, որ այս պահին դեռևս Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնում է գործող մարզպետը։

Ավելի ուշ, մեր աղբյուրի փոխանցմամբ, մեզ հայտնի դարձավ, որ Արամ Խաչատրյանի նշանակման օրը լինելու է երեքշաբթին. նա կստանձնի Լոռու մարզպետի պաշտոնը։

Հ.Գ. Հարկ է նկատել, որ Արամ Խաչատրյանը 2012-2016թթ. եղել է Վանաձորի ավագանու անդամ: 2018թ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ: 

Ըստ որոշ տեղեկությունների` Արամ Խաչատրյանը մարզպետի տեղակալի պաշտոնը թողել է, քանի որ չի ցանկացել աշխատել Անդրեյ Ղուկասյանի հետ։ Թեև թե՛ Ղուկասյանը, թե՛ Խաչատրյանն իրենց հարցազրույցներում միշտ հայտարարում են, թե իրենց միջև լարվածություն չի եղել և չկա։

Արմինե Մկրտումյան

https://newspress.am/