Հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք. Ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներին ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել. ՀՀ կառավարությունը չի միջամտել

262

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։

Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք.

«Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կորպուսի հրամանատարին, Գորիսի երկրապահի նախագահ՝Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել:Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղաները:Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք,չենք թողել, որ առաջ գան»,-պատմում է Արավուսի գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով.

«Բաքվից գեներալներ են եկել,ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մոր հողը: Սպառնում էին՝ մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերը անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ չնայած այս ամենին Արավուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:

Գյուղապետի խոսքով՝երեկ են նահանջել 800մ.

«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը:Պահանջում էին նաև 500մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գծելու»,- փոխանցեց Ա.Հովսեփյանը:

Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ու՞մ է դիմել, պետական մարմիններից ո՞վ է մասնակցել սահմանագծման աշխատանքին, վերջինս էլ պատասխանեց.

«Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ են այդ մասին խոսել,կառավարությունը չի՞ լսել դրա մասին:Ոչ մեկ չի եկել, ես զարմացած եմ:Մեր հնարավորություններով ենք փորձել խնդիրը լուծել, բայց մի շաբաթ ադրբեջանական հողում մնալ հեշտ բան չի, մեր ուժերից վեր էր: Սահմանապահներն էլ չեն միջամտել, երևի դա իրենց գործը չի»,-պատմեց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը:

Աղբյուր` Փաստինֆո