Կռիվը դեռ չի վերջացել. ռեպորտաժ առաջնագծից

265

«Զինուժ մեդիա»-ն ռեպորտաժ է պատրաստել առաջնագծի զինծառայողների առօրյայի մասին։

Այս տղաների համար պատերազմն ամենեւին էլ սեպտեմբերի 27-ի առավոտյան չէր սկսվել եւ առավել եւս չավարտվեց նոյեմբերի 10-ին։ Նրանց կռիվը դեռ շարունակվում է, քանի դեռ չի վերահաստատվել պատմական արդարությունը։

«Ամենածանր օրը մեր համար ամսի 12-ի գիշերն է եղել. գումարտակի հրամանատարն արդեն զոհվել էր, գնդի հրամանատարը՝ Պողոսյանը, արդեն խրամատում զինվորների հետ հավասար մարտ էր վարում, ռմբակոծություն, ավիացիա եւ այլն»,- պատմում է զորամասի հրամանատարի տեղակալ Արման Ալոյանը։

Պատերազմական ամենաթեժ օրերին այս տղաներն էլ Արցախում էին՝ հայրենիքի հարավային դարպասները պաշտպանող տղաների կողքին։ Իրենց վստահված մարտական խնդիրը կատարել են անմնացորդ նվիրումով ու հավատով։ Այսօր մարտական ծառայությունը շարունակում են մշտական տեղակայման վայրում, նույն նվիրումով ու նույն հավատով։

«Այս պահին էլ դիքերում ենք, մեր հայրենիքը, մեր պետական սահմանն ենք պահում, որ մեր ժողովուրդը հանգիստ պայմաններում ապրեն»,- ասում են նրանք։

Հերթափոխը կատարված է, անձնակազմի մի մասը հանգստի է անցնում, իսկ գետնատնակում Տիգրանը վաղուց իր գործին է անցել. տղաները պետք է համեղ ու օգտակար սնվեն։ Անգամ մարտի թեժ պահերին եւ կռվել է եւ ամեն բան արել, որ ոչ ոք սոված չմնա։ Ասում է՝ պատերազմի դաշտում ամենից կարեւորը միմյանց անդես հոգատարությունն է։ Հետո ինքն իրեն լրացնում է՝ հոգատարությունը կարեւոր է նաեւ պատերազմից հետո։

Ճաշի սեղանի մոտ սկիզբ առած զրույցներն ավելի են թեժանում արդեն վառարանի շուրջ։

«Ստանալով մարտական առաջադրանքը, գումարտակի կազմով դուրս եկավ նախանշված վայրը ու այնտեղ որոշ ժամանակ անց արդեն թեժ մարտերին մասնակցեց։ Հիշո՞ւմ եք տղերք, ինչ ոգեւորությամբ դուրս եկանք»,- պատմում է զորամասի հրամանատարի տեղակալը։

Զինծառայողներից Տիգրան Խաչատրյանն էլ հավելում, որ ճիշտ է, մարտը շատ ծանր էր. «Բայց տղաները զգոն իրենց խնդիրն աչալրջորեն կատարում էին»։

«Այն օրերը, որ գտնվել ենք այնտեղ, մեզ վստահված բնագծում կարողացել ենք հակառակորդի պլանները ձախողել։ Մենք կարողացանք պահել մեր ուժերի ներածին չափով։

Եթե գործին գիտակցաբար ես մոտենում, սիրով ես կատարում, հնարավոր չի հոգին կոտրել։

Ցավոք, ունեցանք կորուստներ, որոնց հետ շատ նպատակներ էինք դրել՝ կառուցելու մեր երկրորդ տունը։ Հպարտ եմ, որ իրենց գործը շարունակելու ենք։ Մենք քարը քարին ենք դնելու։ Դժվար է ասել՝ ով է հաղթել, ով՝ պարտվել, որովհետեւ մեր կռիվը դեռ չի վերջացել. մենք լիքը անելու բան ունենք»,- ասում են նրանք։