Բարով չեն վայելելու․ Ֆիզուլիում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա, իսկ Ղարաբաղը ականներից մաքրելու համար ավելի քան 15 տարի կպահանջվի

950

Ավելի քան 15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:

«Ես 20 տարի է, ինչ աշխատում եմ այս մասնագիտությամբ: Իմ հաշվարկներով` ամեն ինչ գտնելու, ականներ մաքրելու և Ղարաբաղի տարածքը պայթուցիկներից մաքրելու համար կպահանջվի մոտ 15 տարի: Դրանք կորոնենք ոչ միայն քաղաքներում, այլև գյուղեր կգնանք: Շատ աշխատանք կա», — նշել է Մեսրոպյանը:

Նրա խոսքով, հայտնաբերվածների մեջ առավել վտանգավոր են տանկային ու հրետանային արկերը, ձեռքի նռնակները, կասետային ռումբերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհվել է 4 ադրբեջանցի: Նրանք գտնվել են Toyota մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Ավելի վաղ, սակայն, նույն աղբյուրը տեղեկացրել էր 5 զոհի մասին: Ըստ գործակալության, դատախազները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ: