Տղաս հայրենիքն ավելի շատ է սիրում, քան իր ծնողներին. 2016 -18… ոտքը կորցրած կամավորի հայր

995

Լոռու մարզպետարանի լրատվական բաժնի ֆոտոթղթակից Արտակ Մարուքյանի որդին ընդամենը քսաներկու տարեկան է, բայց արդեն երկու պատերազմի է մասնակցել։ Նարեկը 2016թ․ հունվարին էր զորակոչվել բանակ և մի քանի ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Նա ապրիլյան պատերազմից հետո շարունակել է զինվորական ծառայությունը և 2018թ․ հունվարի 4-ին՝ մարտական վերջին գիշերը, հակառակորդի դիվերսիոն գորոծողությունը հետ մղելու արդյունքում կորցրել է ոտքը։

Նարեկի հայրը՝ Արտակ Մարուքյանը պատմում է, որ թեպետ տղայի մի ոտքը պրոթեզ է, բայց երբ լսեց Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, առաջին իսկ օրից՝ սեպտեմբերի 27-ից, ոտքի կանգնեց՝ պատրաստ էր կռիվ գնալ։

«Զինկոմիսարիատը Նարեկին չէր տանում, մի քանի անգամ փորձել է գնալ, բայց չէին տանում, գազելներից քանի անգամ իջեցրել են։ Տղաս չէր հանգստանում, սահման գնալու տարբերակներ էր փնտրում։ Սեպտեմբերի 29-ին ինքն ու իմ հորեղբոր թոռը՝ Էրիկը, որը տեսողության խնդրի պատճառով ազատված էր բանակից, կամավորական՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ջոկատով մեկնեցին Արցախ»,-պատմեց Արտակ Մարուքյանն ու հավելեց, որ տղաները Թալիշում են կռվել։

Նարեկի հոր խոսքով կամավորական ջոկատում կային այլ տղաներ, որոնք չէին ծառայել բանակում, բայց վանաձորցի տղաները մեկնել են Արցախ պաշտպանելու հայրենի սահմանները։

Նարեկն այժմ վիրավոր է, հակառակորդի ռազմական գործողություններից կանտուզիա է ստացել, մի որոշ ժամանակ մնացել է Ստեփանակերտի ապաստարանում, այնուհետև տեղափոխվել է Վանաձոր։

«Տղաս հիմա բուժում է ստանում տանը, և դեղորայքային բուժումն էլ բավական թանկ արժե։ Կուրսն ավարտելուց հետո ոտքի այտուցները բուժելու համար կգնա «Զինվորի տուն»՝ պրոթեզը երկար ժամանակ ոտքից չի հանել, այդ պատճառով է այտուցվել»,- ասաց հայրն ու կարծիք հայտնեց, որ Նարեկը հայրենիքն ավելի շատ է սիրում, քան իր ծնողներին։