Մարդիկ չպետք է սպասեն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրենց երջանկացնի. Վիգեն Խաչատրյան

347

Նիկոլ Փաշինյանն ապագային միտված ընթացքի մեջ չունի որևէ քաղաքական աջակցություն, էլ չեմ ասում, որ իրենց ներսում էլ կան մարդիկ, որոնց վարքագիծը չի համապատասխանում դրանց իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

«Կան բացարձակ իդեալականի պատկերացումներ, և կա իրական վիճակ: Հիմա մենք ուզում ենք իդեալականն ունենալ, բայց երկար ժամանակ չենք ունենա, որը բնական է, քանի որ իդեալականի հիմքը չունենք: Այսինքն՝ դեռ տնտեսությունը բավարար չափի զարգացած չէ, բավարար չափով ազդեցության ոլորտները վերացված չեն, միջին խավը բավարար զարգացած չէ:

Այդ ամենը ենթադրում է քաղաքական միավորումների կաշկանդվածություն և որոշակի ազատությունների սահմանափակում: Մեկ տարվա ընթացքը լի էր թերություններով, բայց միտված է ապագային: Պետք է ամեն ինչ անել, որ հին բարքերը չվերականգնվեն, բայց հասարակության զգալի մասը սովոր է այդ հին բարքերով ապրել: Մենք ուզում ենք՝ ամեն ինչ բարեփոխվի, բայց դա մեզ չվերաբերի. այդպես չի լինում:

Մարդիկ չպետք է սպասեն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրենց երջանկացնի՞, թե՞ ոչ։  Յուրաքանչյուրն իր տեղում թող փորձի օրենքով ապրել։ Քչերն են պատրաստ դրան, բայց բոլորը պատրաստ են դատավորի դեր ստանձնել»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով խորհրդարանական ուժերի միջև վերջին օրերի սրված հարաբերություններին՝ Վիգեն Խաչատրյանը նման կարծիք հայտնեց. «Միշտ էլ խորհրդարաններում լարվածություն լինում է: Քաղաքական ուժերը տարբեր շահեր են սպասարկում, հո քաղաքակիրթ ընթրիք չէ՞: Վեճեր կլինեն, տոնը բարձր կլինի, կվիրավորեն, բայց պետք է հասկանան, որ կարևորը դա չէ, այլ կարևորը մարդկանց, հասարակության փոխվելու ցանկությունն է»:

Վիգեն Խաչատրյանը չի կարծում, որ խորհրդարանում «սրացումների» հետ պետք է կապել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները:

«Եթե որևէ քաղաքական ուժի ապագան կախված է մի անհատից, նա խոցելի է միշտ լինում: Խնդիրը ստուգողների մեջ չէ, այլ՝ ստուգվողների: Ըստ էության, Ծառուկյանն էլ ասում է՝ «ես այսքան ձայն ունեմ, ինձ այսքան ձայն տվեցին», այսինքն՝ նա համարում է, որ քվեներն անձամբ իրենն են, դա չի էլ թաքցնում»,- նկատեց Վիգեն Խաչատրյանը: