Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

568

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սիրելի ընկերներ, Ավարտվեց վարչական համաներման գործընթացը.

կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916քաղաքացու: Այսպիսով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարճ ժամանակահատվածում ավարտին հասցրեց այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա:

26.07.2018թ ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայությունը համաներումը չի կիրառել այն վարույթների նկատմամբ, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել, և այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյունքում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Նշվածի հիման վրա համաներման կիրառումը կասեցվել է մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կարճվել են, ցանկով տեղադրված են հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում:

http://armtimes.com