Ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի թռիչքին. Նիկոլ Փաշինյանը՝ ֆրանսիացի գործարարներին

480

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում եւ օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով եւ ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլեւ արժեքների հեղափոխություն է: Կարեւոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարեւոր շրջափուլն է, եւ պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար:

«Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռեւս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի եւ արել հետեւյալ հայտարարությունը. որեւէ գործարար շրջանակ ազատված է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման եւ երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան եւ մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն եւ, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է եւ հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի  բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ:

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետեւ այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, եւ հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է եւ երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետեւ բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան եւ այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի  գործողությունների նպատակը որեւէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը եւ փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: «Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների եւ կառավարության միջեւ կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել:

Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետեւ նա պետք է իր շահերից հանդես գա, եւ պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից:  Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային եւ, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք  է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլեւս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաեւ այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը…

Մանրամասներ` http://armtimes.com