Ես այնքան դաժան չեմ, որ ողջ ճշմարտությունը միանգամից պատմեմ, Դուք դրանից հետո, պարոն Աշոտյան, հոգեբանի կարիք կունենաք. Ն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

758

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ընթերցեց օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հնչեցված ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը խոսել էր հող հանձնողների և իր ունեցած փաստաթղթերի վերաբերյալ։ Արմեն Աշոտյանը նշեց, որ դրա վերաբերյալ հարցում է ուղարկել վարչապետին, որից ստացել է պատասխան, որտեղ վարչապետը հրաժարվել է մանրամասներ հայտնել։ ՀՀԿ-ական պատգամավորը այսօր կրկին վարչապետից հետաքրքրվեց, որ փաստաթղթի մասին է խոսել հանրահավաքի ժամանակ։ Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի հարցի բանակցային սեղանին երբեք դրված չի եղել փաստաթուղթ, որը հստակ կձևակերպեր ԼՂՀ կարգավիճակի հարցը։ «Ես ուզում եմ Ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստացել եմ ժառանգության մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը․ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները, և ես սա Ձեզ ասում եմ պաշտոնապես, ես չեմ ասում, որ դուք ընդունել և ստորագրել եք այդ տարբերակը, ասում եմ ստացել եմ ժառանգություն»,- ասաց վարչապետը։  Արմեն Աշոտյանը վարչապետից պահանջեց հրապարակել այդ փաստաթուղթը, ինչին ի պատասխան վարչապետը նկատեց․ «Ես այնքան դաժան չեմ, որ ողջ ճշմարտությունը միանգամից պատմեմ, Դուք դրանից հետո, պարոն Աշոտյան, հոգեբանի կարիք կունենաք»։  Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով — Լրատվական աղբյուր`
https://factor.am/81807.html © factor.am