Կարող էր նույնացում գնալ իմ, կամ որևէ նման պաշտոնյայի կնոջ միջև, ինչը ես չէի կարող հանդուրժել. Աննա Հակոբյան

859

«Կարեւոր էր անդրադարձը, որովհետեւ կարող էր նույնացում գնալ իմ, կամ որեւէ նման պաշտոնյայի կնոջ միջեւ, ինչը ուղղակի ես չէի կարող հանդուրժել»:

Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով փարիզյան գնումների շուրջ ծավալված քննարկումներին:

Օրեր առաջ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում Հակոբյանի կատարած գնումների մասին, որտեղ նշել էին, թե նա մինչեւ «ատամները զինված» թիկնապահների ուղեկցությամբ «շոփինգ» է արել: Աննա Հակոբյանը անդրադարձել էր այս հրապարակմանը եւ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել գնումների մասին, ինչպես նաեւ նշել, թե որքան գումար է եղել իր մոտ Փարիզ մեկնելիս:

«Հարցն այն է, որ մենք, մեր հանրությունը այնքան սովոր ենք նմանատիպ վերնագրերին՝ որ «պետության ղեկավարի կինը կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կին որեւէ արտերկրյա այցի ժամանակ շրջայց է կատարել այդ երկրի խանութներում», մենք նույնիսկ գրել ենք, որ այցերը օգտագործում են հիմնականում շոփինգի համար: Կարեւոր էր, որովհետեւ կարող էր նույնացում գնալ իմ կամ որեւէ նման պաշտոնյայի կնոջ միջեւ, ինչը ուղղակի ես չէի կարող հանդուրժել, ես չէի կարող դրա հետ հարմարվել եւ պատկերացնել, որ ինչ-որ մարդ մտածում է, որ ես ինչ-որ մեկի նման նույն կերպ գնացել եմ Փարիզ աշխատանքային այցով՝ ընդ որում, մասնավոր, եւ ինչ-որ գնումներ եմ արել:  Ընդ որում, հաշվի առնելով նախկին ինֆորմացիաների հիմքում ընկած այդ մարդկանց կարողությունների աստղաբաշխական թվերն ու ծավալները՝ մարդիկ կարող էին նույնիսկ դա պրոեկտել իմ վրա, ինչը ուղղակի չէր կարելի թույլ տալ»,- ասաց Աննա Հակոբյանը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե 300 եվրոյով Փարիզ գնալը կարող է վնասել երկրի հեղինակությանը, Հակոբյանը նշեց. «Ուզում եմ բոլորը հասկանան մի բան՝ ինչի համար են բրենդային հագուստները, թանկարժեք զարդերը, որոնք կրում են, դա ինչ-որ ստատուս ընդգծելու նպատակ ունի միայն: Ես որեւէ մեկի մոտ՝ ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ դրսում, որպես վարչապետի տիկին, իմ ստատուսն ընդգծելու հավելյալ կարիք չեմ տեսնում: Ո՞ւմ մոտ պետք է ես այդ ստատուսը Հայաստանի ներսում ընդգծեմ: Համեմատության եզրով պետք է լինի. գնումներ անելիս կամ հագուստ ընտրելիս՝ ո՞վ պետք է լինի իմ համեմատության եզրը՝ ՀՀ նախկին իշխանավորների կանա՞յք, ովքեր, բոլորս գիտենք, ինչպես են այդ հնարավորությունը ձեռք բերել, որպեսզի ունենան x բրենդի կամ x արժողության զարդեր: Իրենց հե՞տ պետք է համեմատվեմ եւ ձգտեմ իրենց հետ մրցակցության մեջ մտնել. ջնջենք այս տարբերակը:

Իսկ ո՞ւմ հետ պետք է համեմատվեմ, օրինակ, Ֆրանսիայի կամ ԱՄՆ առաջին տիկիների՞: Հայաստանում, օրինակ, աղքատության ցուցանիշը 30 տոկոս է, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում՝ չնչին տոկոսներ: Հայաստանում միջին աշխատավարձը 350 դոլար է, Ֆրասնիայում՝ 4100, ԱՄՆ-ում՝ 5100. կամ Հասյատանում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 3600 դոլար է, Ֆրանսիայում՝ 36 հազար, ԱՄՆ-ում՝ 60 հազար դոլար: Այսինքն՝ ես պե՞տք է այդ երկրների նման կենսամակարդակ ունեցող տիկնանց հետ համեմատութան մեջ մտնեմ եւ ձգտեմ նրանց համարժեք գնումներ անել, հագնվել եւ զարդեր կրել. այս տարբերակն էլ ջնջեցինք: Ինձ թվում է՝ ես կլինեմ նույնը, ինչ մինչեւ հիմա եւ մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ կապված ավելորդ բարդույթներ չունենալ, որովհետեւ այն, ինչ փոխվել է, փոխվել է բոլոր իմաստներով, եւ ես չեմ պատրաստվում ո՛չ նման գնումներ անել, ո՛չ ամաչել իմ արած գնումներից եւ առհասարակ հաշվետվողականությունը կարեւոր է»,- եզրափակել է առաջին տիկինը:

Լրատվական աղբյուր` http://armtimes.com