ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում ներկա են գտնվել համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետի հանդիսավոր բացման արարողությանը:

Այն ժամանակակից չափորոշիչների համապատասխանող սարքավորում է, որի առավելություններից է նաև այն, որ ավելի կարճ ժամանակամիջոց է պահանջվում հետազոտությունների համար, ինչպես նաև՝ քիչ կոնտրաստ նյութ, փոքր է ճառագայթման չափաբաժինը և կարող է հետազոտել մինչև 230 կգ քաշ ունեցող բուժառուներին: Կարևոր է նաև, որ հետազոտությունները կիրականացնեն 10 և ավելի տարիների փորձառություն ունեցող, բարձր որակավորմամբ մասնագետները:


Նախարարը և մարզի ղեկավարը նախարարության, մարզպետարանի պաշտոնյաների, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, բուժաշխատողների ուղեկցությամբ ծանոթացան համակարգչային կաբինետի պայմաններին, տոմոգրաֆիկ սարքի հնարավորություններին:

-Այսօրվա ձեռքբերումը համառ աշխատանքի, մեծ խնդրներ առաջադրելու և դրանց լուծմանն ուղղված մեծ ջանքների արդյունք է, որն իրականացվել է Սպիտակի բժշկական կենտրոնի անձնակազմի համառ ջանքներով: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ լավ աշխատանքի և նվիրումի համար,-ասաց Ա. Ավանեսյանը:

Մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորեց հատկապես Սպիտակի բժշկական կենտրոնի կողմից նման ծառայության մատուցումը, որովհետև այն գտնվում է Մ3 միջպետական մայրուղու վրա և, հրատապ դեպքերի հետ կապված, այլևս անհրաժեշտություն չի լինի մեկնելու մայրաքաղաք:

-Սա ևս մեկ հնարավորություն է մարզում մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու առումով,-ասաց Ա. Խաչատրյանը:
Վարդուհի Սիսակյանը նշեց, որ նման լուրջ ձեռքբերումը հնարավոր է եղել ամբողջ կոլեկտիվի նվիրվածության և համառ աշխատանքի շնորհիվ: Նա նաև շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին՝ ի դեմս Արամ Խաչատրյանի և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի, մեծ աջակցություն ցուցաբերելու համար:


Նրանք եղան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի նորաբաց սրահում, որտեղ տեղադրված է 5 մահճակալ՝ հագեցած ծանր հիվանդներին սպասարկելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով, համալրված հոգատար անձնակազմով:
-Սրանով կանգ չենք առնելու և անելու ենք ամեն ինչ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը մատուցվող բուժծառայությունների և սպասարկող բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի ու հոգատարության առումով լավագույնը լինի տարածաշրջանում,-ասաց տնօրենը:
