«Խաղաղության դարաշրջանի» երկու օրը. Տեսանյութ

364

Օրեր շարունակ Հայաստանի վրա հարձակման համար հող նախապատրաստող Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսեց սեպտեմբերի 13-ին: Ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակվեցին ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրետանային միջոցներից ինտենսիվ կրակ վարելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Թիրախավորվեց նաև Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը։

Ավելի վաղ Ադրբեջանը շարունակ ապատեղեկատվություն էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել: Մեր ռազմական գերատեսչությունից հերքում էին, իսկ վերլուծական շրջանակները գուժում մոտալուտ պատերազմի մասին: Մի քանի ժամ տեւած ծանր մարտերի արդյունքում հայկական կողմն ունի 135 զոհ, ընդ որում, այս թիվը դեռ վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ: Գերեվարվածների, վիրավորների թվի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդում:

Չեն հրապարակվել նաև զոհված զինծառայողների անունները… Ի՞նչ են մտածում հայաստանցիները, ո՞րն է պատմական այս ծանր շրջափուլի հանգուցալուծման ճանապարհը, ի՞նչ իրավիճակ է երկրի ներսում, որտեղ թշնամին շարունակում է ամրանալ, եւ ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական թիվ մեկ ամբիոնի մոտ ու դրա դարպասներից դուրս… «Region 5+»-ի հերթական թողարկման շրջանակներում Հայաստանի վերապրած երկու ծանր օրերն են: