Դպրոցներն ու բուհերը՝ փորձադաշտ. ոլորտում «բարեփոխումները» կշարունակվեն, որ «աղետի առաջ չկանգնենք». (տեսանյութ)

569

Կրթական ոլորտի խնդիրներն են տեղ գտել «Region 5+»-ի այս շաբաթվա թողարկման շրջանակներում: Ի՞նչ ունենք դպրոցներում և բուհերում: Ո՞ւր են հասել ոլորտի բարեփոխումները, որոնց մասին խոսել են միշտ և շարունակում են խոսել, բայց համակարգային փոփոխությունների ականատեսն այդպես էլ չենք դառնում: Ավելին, ինչպես միշտ, դպրոցների ու բուհերի քաղաքականացումը շարունակվում է, բազմաթիվ երեխաներ մեր երկրում շարունակում են զրկված մնալ կրթություն ստանալու հնարավորությունից, դեռևս կան անմխիթար պայմաններում գտնվող կրթական հաստատություններ… Կառավարության նախորդ նիստում, վարչապետ ՆիկոլՓաշինյանը իր պաշտոնավարման չորրորդ տարում ոլորտին առնչվող մի քանի ուշագրավ արձանագրում արեց: Օրինակ, որ բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են, որ դիպլոմավորները աշխատաշուկայում մրցունակ չեն… Որպես խնդիրների լուծման բանաձև Փաշինյանը խոսեց բուհերի խոշորացման անհրաժեշտության մասին. առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ ենք ունենալու: Եթե որոշումները չկայացնեն, ասաց՝ աղետի առաջ ենք կանգնելու: «Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ՝ կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»: Փաշինյանը նաև հայտարարեց, որ չեն կարող հանդուրժել ուսուցիչներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը: Դրանք եռապատկելուն ուղղված գործընթացի մեկնարկն են տվել՝ ուսուցիչների ատեստավորման եղանակով: Ի՞նչ խնդիրներ կան հեռավոր գյուղական բնակավայրերում գործող կրթական հաստատություններում, ինչպե՞ս է իրականացվում ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը, և առհասարակ՝ որո՞նք են հայաստանյան կրթական համակարգում առկա բացերը: «Region 5+»-ի շրջանակներում փորձել ենք տալ հարցադրումների պատասխանները: