Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ոլորտի պատասխանատուների հետ միասին աշխատանքային այցով այսօր եղել են Սպիտակ խոշորացված համայնքում, ծանոթացել իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Նրանք շրջայց են կատարել Նոր Խաչակապ, Գոգարան և Լեռնանցք բնակավայրերում, ուր համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն մի շարք ծրագրեր են ընթանում:

#Նոր_Խաչակապում ոռոգման համակարգ է կառուցվում՝ 2692 մետր երկարությամբ և ավելի քան 11 միլիոն դրամ պայմանագրային արժեքով,

#Գոգարանում տուֆ քարով սալարկման միջոցով հիմնանորոգվում է կենտրոնական փողոցի 464 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ ճանապարհը՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, իսկ
#Լեռնանցքում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը՝ 510 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ և 24 միլիոն 500 հազար դրամ պայմանագրային արժեքով:

Կարևորելով պետական աջակցության ծրագրերի որակով և հավուր պատշաճի իրականացումը՝ Հ. Ավետիսյանն ընդգծել է, որ հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքներին, պահպանել սահմանված վերջնաժամկետները և շտկել բոլոր թերությունները:

Համայնքի ներկայացուցիչներին տրվեցին հանձնարարականներ հետևողական լինելու և ամենասեղմ ժամկետներում բացթողումները կարգավորելու համար: