Ժամկետային զինծառայողների ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից. Պայմանավորվել են կրկին հանդիպել

56

Ժամկետային զինծառայողների ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից. Պայմանավորվել են կրկին հանդիպել

Ժամկետային զինծառայողների ծնողները դուրս եկան կառավարության շենքից։ Նրանց ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները վարչապետին են ներկայացրել իրենց պահանջները։

Զինծառայողի ծնող Սուրեն Ջուլհակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետը ընդառաջել է և ցանկություն հայտնել լսել իրենց՝ հաշվի առնելով խնդիրների լրջությունը։ Ջուլհակյանը վստահ է, որ կառավարությունում խնդիրների մասին գիտեն, պարզապես ներկայացրել են նաև իրենց անհանգստությունները։

«Վարչապետի հետ պայմանավորվել ենք երկուշաբթի օրը կրկին հանդիպել։  Հույս ունենք մեր կողմից բարձրացրած հարցերի պատասխանները կստատանք»։

Ծնողները նշեցին, որ բավարարված չեն վարչապետի հետ հանդիպման արդյունքից, որովհետև բարձրաձայնած հարցերի պատասխաններն ստանալու համար դեռ վաղ է։ Խոսել են ընդհանուր խնդիրների շուրջ։ Նրանք  հանդիպման մանրամասները չհայտնեցին։

Հիշեցնենք, որ Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները կառավարության դիմաց երաշխիքներ են ուզում իրենց երեխաների կյանքի համար ու պահանջում զորացրում։ Ծնողներն իհարկե, անհանգստանում են իրենց երեխաների անվտանգության ու առողջության համար։ Նրանք նշում են, որ երեխաները ներկա պահին հիվանդ են, ու հոգեպես ծանր վիճակում են գտնվում։

Նախորդ անգամ՝ հունվարի 14-ին, ժամկետային զինծառայողների ծնողներին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել չէր հաջողվել, սակայն նրանց ընդունել էին վարչապետի երկու օգնականները։ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ քննարկել էին միայն Փաշինյանի հետ հանդիպման պահանջը։