Հայաստանում կես տարով երկարաձգվել է կարանտինը, և փետրվարից կսկսեն պատվաստել կորոնավիրուսի դեմ

468

 

Հայաստանում կարանտինը երկարաձգվեց մինչև հուլիսի 11-ը - Ազգ

Հայաստանի կառավարությունը որոշել է կես տարով երկարաձգել կորոնավիրուսի հետևանքով հայտարարված կարանտինը։ Դրա ժամկետը սպառվում էր հունվարի 11-ին։

Հունվարի սկզբից գրանցվում է վարակվածների ոչ մեծ թիվ, սակայն ամսվա կեսերից բժիշկներն ավելի բարձր թվեր և անգամ վարակման երրորդ ալիք են ակնկալում տոնական օրերին մարդկանց ակտիվ շփման պատճառով։

Այս ֆոնին Հայաստանը պլանավորում է կորոնավիրուսի պատվաստանյութ գնել արդեն հունվարի վերջին — փետրվարի սկզբին։ Այս մասին հաղորդել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունացման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Ընդ որում, բանակցություններն ընթանում են միանգամից չորս պատվաստանյութ գնելու շուրջ։ Խոսքը ռուսական Sputnik V, ամերիկյան Moderna, գերմանական Pfizer-BioNTech և անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութերի մասին է։

Պատվաստման մասին

«Մենք պլանավորում ենք պատվաստանյութեր գնել բնակչության 10%-ի՝ նրանց համար, ովքեր ռիսկի գոտում են», — ասել է Գայանե Սահակյանը։

Խոսքը, նախևառաջ, քրոնիկ հիվանդություններով մարդկանց և տարեցների մասին է։

Միաժամանակ բժիշկները նշում են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջերս հանդիպում են հիմնականում 55-60 և 30-35 տարեկան անձանց շրջանում, վարակվում են նաև մինչև հինգ տարեկան երեխաներն ու 15-20 տարեկան երիտասարդները։

Այժմ պատվաստանյութերի ներկրման ժամկետների մասին բանակցություններ են ընթանում։ Բայց արդեն հայտնի է, որ առաջին խմբաքանակը հասանելի կլինի հունվարի վերջին — փետրվարի առաջին կեսին, որից հետո անմիջապես կսկսվի ռիսկի խմբի պատվաստումը։

«Դեռևս պարզ չէ, թե որ պատվաստանյութն է մեզ մոտ առաջինը լինելու, զուգահեռ աշխատանք է տարվում պատվաստանյութերի նշված չորս տեսակների ստացման ուղղությամբ», — հաղորդել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Ռուսական Sputnik V պատվաստանյութի փոքր խմբաքանակ է Հայաստան բերել նոյեմբերյան իր այցի ժամանակ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Առաջինը պատվաստվել են Հայաստանի բուժաշխատողները, այդ թվում՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հունվարի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 335 դեպք, ընդհանուր առմամբ՝ 162 643։ Ապաքինվել է 150 602 հիվանդ, մահացել՝ 2 941-ը, շարունակում է բուժում ստանալ 8 393-ը։

Ինչո՞ւ է կառավարությունը երկարաձգել կարանտինը

Կարանտինի նոր ժամկետը կերկարաձգվի մինչև հուլիսի 11-ը, ժամը 17.00-ն, ասված է կառավարության որոշման մեջ։

Երկրում շարունակելու են գործել հետևյալ կանոնները․

  • ողջ երկրի տարածքում կիրառվելու են անհատական պաշտպանության միջոցներ,
  • տնից դուրս գալիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ,
  • զորամասերում արգելվելու են տեսակցություններն ու արձակուրդները,
  • քրեակատարողական հիմնարկներ այցելությունները թույլատրված կլինեն միայն հաստատությունում վարակման դեպքերի բացակայության և այցելուի բացասական թեստի դեպքում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը պարզաբանել է, որ կարանտինի երկարաձգման մասին որոշումն ընդունվել է նաև՝ հարևան երկրներում անբարենպաստ համաճարակային իրավիճակը հաշվի առնելով․

«Մեր դեպքում, հիմնվելով Հայաստանի համեմատաբար բարենպաստ համաճարակային իրավիճակի վրա, որոշում է կայացվել․ առաջին հերթին՝ երկարաձգել կարանտինի ժամկետը՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակն ու դրա վատթարացման պոտենցիալ բարձր ռիսկը, երկրորդ հերթին՝ որոշակի մեղմացումներ կատարել»։

Մասնավորապես, արտասահմանցիներին այժմ թույլատրվում է Հայաստանի տարածք մտնել ոչ միայն օդային ճանապարհով, այլև ցամաքային հսկիչ անցակետերով՝ բացասական թեստերի առկայության դեպքում։ Բացի այդ, նրանք կարող են թեստ հանձնել նաև հսկիչ անցակետի տարածքում և դրա արդյունքներին սպասել ինքնամեկուսացման մեջ։

Ըստ նոր որոշման՝ չեղարկվել են զանգվածային միջոցառումների անցկացման, այդ թվում՝ դրանց մասնակիցների թվի սահմանափակումները։ Թույլատրված է նաև հանդիսությունների անցկացումը փակ տարածքներում։