Որոտանի գյուղապետ.«Հիմա թուրքերն եկել են՝ մեր ժողովրդին 1 ժամ ժամանակ են տվել»

249

Որոտանի գյուղապետ.«Հիմա թուրքերն եկել են՝ մեր ժողովրդին 1 ժամ ժամանակ են տվել»

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքում պատերազմից հետո սահմանազատումների շուրջ բանակցությունները դեռ չավարտված՝ այսօր ադրբեջանցիներն արդեն գյուղի մատույցներում բնակվողներին 1 ժամ ժամանակ տվել են՝ տարածքները լքելու համար: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը:

«Գյուղում չէ՝ գյուղի տարածքն է, երկու հարկանի շենքը, որ տվել ենք իրենց, այդ շենքից վերև՝ այգեգործական ընկերության տարածքն է, խոսքը այդ հատվածի մասին է: Հիմա թուրքերն եկել են՝ մեր ժողովրդին մի ժամ ժամանակ են տվել, որ էդ տարածքն ազատեն»,- ասաց համայնքապետը:

– Իսկ խաղաղապահնե՞րը:

– Խաղաղապահներն ի՞նչ անեն, որ ասում են՝ իրենց սահմանն է:

– Մարզպետը, կառավարության որևէ ներկայացուցիչ ձեզ հետ կապ հաստատե՞լ է:  

– Դե հիմա  բանակցում են, ճշտում են՝ ինչ է կատարվում:

– Ի՞նչ պիտի անեք:

– Մեկը ուզում  է իրերը տանի, մեկը՝ չի տանում, անորոշ վիճակ է:

Մի խոսքով, ես ուղիղ ասում եմ, էս մի ամիս է՝ խնդրում եմ՝ թող վերադասը գա, սահմանը ճշտեն, ժողովրդին ասեն՝ որն է իրենցը, որ մարդկանց ոչ թե թուրքը գա մի ժամ ժամանակ տա, վերադասից գան, ասեն, մարդիկ իմանան՝ ինչ է կատարվելու: Թուրքը ինձնից սահման չի հարցնում, որ ես գնամ իր հետ սահման ճշտում անեմ, վերադասը պետք է սահմանների համար բանակցի, ոչ թե ես: