Վանաձորի համատիրությունների աշխատանքը Covid-19-ի օրերի

107

  Վանաձորում գրանցված է 44 համատիրություն, որոնցից, ըստ Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի տրամադրած տվյալների, գործում են 42-ը: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն Covid-19-ի շրջանում իրականացրել է Վանաձորի համատիրությունների աշխատանքների վերաբերյալ հարցում- ուսումնասիրություններ և ըստ այդ արդյունքների նշում է, որ Վանաձորում կա 47 համատիրություն:

Հենց այստեղից էլ սկսվում են Վանաձորի համատիրությունների մասին պատկերացումների  և նրանց գործունեության վերաբերյալ առկա հակասությունները:

Ինչպես են աշխատել
համայնքապետարանն ու համատիրությունները
Covid-19-ի օրերին
՝ ըստ համայնքապետարանի

Արտակարգ դրության ժամանակահատվածում Վանաձորի համայնքապետարանի համատիրությունների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների և աշխատանքների մասին խոսեցինք Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի պետի տեղակալ՝ Գարիկ Մատինյանի հետ:

Մեզ հետ զրույցի ընթացքում Գարիկ Մատինյանն ասաց, որ Covid-19-ի բռնկումների առաջին իսկ օրերից, երբ պարետի կողմից հանձնարարական էր եղել` իրականացնել բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանում, Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժինն արտակարգ խորհրադակցության էր հրավիրել համատիրություններին՝ համալիր աշխատանքներն իրականացնելու համար կանոնակարգ մշակելու:

-Համայնքապետարանը ձեռք բերեց քլորի հաբեր, քլորաջուրը ցայելու սարքավորումներ, հանդերձանք, կազմեցինք գրաֆիկ, առաջնահերթության կարգով ախտահանվեցին բոլոր բարձրահարկ շենքերի վերելակները: Վանաձորում 163 բարձրահարկ շենքերի վերելակներից այսօր գործում է 117-ը: Դրանք բոլորն ախտահանվել են,-ասաց Գ. Մատինյանը:

-Covid-ը կանխարգելող ախտահանման աշխատանքներն իրականացնելուն մասնակցում էր բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի ողջ աշխատակազմը, ներգրավված էին «Նեցուկ» ՀՈԱԿ-ը և համատիրությունները : Ախտահանման աշխատանքներն իրականում օգնել են, քանի որ եթե նայում ենք վիճակագրությունը, Վանաձորում տեսնում ենք, որ բազմաբնակարան շենքերում վարակի օջախային բռնկումներ չեն եղել: Վանաձորում բռնկումների օջախներ են եղել հիմնականում տեքստիլ ֆաբրիկաները,-ասում է Գ. Մատինյանը:

Գ. Մատինյանը նշեց նաև, որ Վանաձորի քաղաքապետարանի ողջ կազմով աշխատել են արտակարգ դրության սկզբնական շրջանում, իսկ հետագայում արդեն համատիրություններն իրենք են կազմակերպել ախտահանման աշխատանքները, համայնքապետարանի տրամադրած ախտահանիչ միջոցներով: Համատիրություններին տրամադրվել են քլորի հաբեր, մինչ օրս էլ թե համայնքապետարանում ունեն որոշակի քանակությամբ պահեստավորած միջոցներ և թե յուրաքանչյուր համատիրություն ունի որոշակի չափաբաժին:
— Համավարակի ընթացքում բնակիչները հիմնականում ահազանգում  են
9 11-ով: ԱԻՆ-ի հետ համագործակցություն միշտ ունենք, քանի որ հիմնականում այս բաժնի կողմից են մշակվում բնակչության հետ կապված բազմաթիվ անվտանգության ծրագրեր: Պարբերաբար անց ենք կացրել ուսումնավարժանքներ համավարակից առաջ:

Համավարակի շրջանում էլ համագործակցությունը նույն կերպ շարունակվել է. բնակիչները երբ իմացել են, որ իրենց շքամուտքում Covid-ով հիվանդ կա, ահազանգը եղել է ԱԻՆ, որը փոխանցվել է մեր բաժին, աշխատանքներն իրականացվել են մեր, կամ համապատասխան համատիրության կողմից,-ասում է Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի պետի տեղակալը:

Արդեն 2-րդ տարին է, Վանաձորի համայնքի ավագանին բյուջեում ներառել է տող, ըստ որի ֆինանսական աջակցություն են տրամադրում համատիրություններին:
-Բնականաբար, դա կապված չէ համավարակի հետ, քանի որ բյուջեի այդ տողը Քովիդից դեռևս 2 տարի առաջ ենք ընդունել,-ասում է Գ. Մատինյանը և հավաստիացնում, որ այս 2 տարիների ընթացքում  չի եղել դեպք, որ համատիրությունը հիմնավորված ծրագիր ներկայացնի Վանաձորի համայնքապետարանին և աջակցություն չստանա:

Մեր գրավոր հարցմանը, քաղաքապետարանից պատասխան ստացանք, որ համավարակի շրջանում իրենց դիմել են միայն «Ցալկուտ», «Կենտրոն» և «Ուրարտու» համատիրությունները շենքերի ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով և ստացել 80 հզ դրամի աջակցություն:
Այս փաստը, մեզ հետ հարցազրույցի ժամանակ հաստատեց նաև «Ցալկուտ» համատիրության նախագահ՝ Սիլվա Եթիմյանը:

           Ինչու է 3 համատիրությունների համար տրամադրված
գումարի տակ դրվում մեկ ստորագրություն

«Ցալկուտ» համատիրության նախագահ՝ Սիլվա Եթիմյանը մեզ ընդունեց «Կենտրոն» համատիրության գրասենյակում: Նշեց, որ իրենց մոտ, այն է՝ «Ցալկուտ» համատիրության գրասենյակում, վերանորոգում է: Իսկ  «Կենտրոն» և «Ուրարտու» համատիրությունների նախագահները,  համավարակով պայմանավորված, հեռավար են աշխատում, և միայն անհրաժեշտության դեպքում են գալիս գրասենյակ,- բացատրեց նա:
Իսկ թե ինչու է միայն «Ցալկուտ» համատիրության նախագահի ստորագրությունը բոլոր 3 համատիրությունների համար Վանաձորի համայնքապետարանի կողմից հատկացված գումարի տակ, տիկին Եթիմյանը ոչ մի արտառոց բան չի տեսնում և պարզաբանում է.
-Այստեղ ոչ մի արտառոց խնդիր չկա, բոլոր 3 համատիրությունների գրասենյակներն էլ այստեղ են, կողք կողքի, սա իմ սեփական տարածքն է:
«Ձեր սեփական տարածքն անհատու՞յց եք տրամադրել համատիրությունների գրասենյակներին»՝ հարցին՝ տիկին Սիլվան պատասխանեց.
-Առանց այդ էլ համատիրությունները ֆինանսական խնդիրներ ունեն, ինչ անեմ, դա էլ իմ ներդրումն է:

Իսկ թե ինչպիսի համագործակցություն է «Ցալկուտ», «Կենտրոն» և «Ուրարտու» համատիրությունների միջև, Սիլվա Եթիմյանը այսպես է ներկայացնում.
— «Ցալկուտ» համատիրությունում 36 շենք կա, որից 12-ը բարձրահարկ՝ վերելակներով: Համատիրության կազմում 4 աշխատակից է, մաքրողներին հրավիրում ենք պայմանագրային կարգով, ովքեր շաբաթական 1-2 անգամ մաքրում են շենքերին հարակից տարածքները: Հիմա տեսեք, շենքերի բակերը համատիրություններինը չեն, բայց մաքրում ենք, ինչ անենք, թողնենք կեղտո՞տ մնա /սրտնեղած է այս հարցում/: Անբարեխիղճ բնակիչներն էլ շատ են, միայն պահանջատեր են: 35 շենք «Ուրարտուն» ունի, 34-ն էլ՝ «Կենտրոն» համատիրությունը: Տեսեք ինչ ահռելի թիվ է, բա ախտահանում իրականացնողին ինչպես վճարենք: Քլորը, ախտահանիչ նյութերը, բոլոր անհրաժեշտ պարագաները ինձ մոտ են, ես եմ ապահովում բոլոր 3 համատիրությունների ախտահանման համար: Այդ 80 հզ դրամն էլ, որ քաղաքապետարանին դիմել և ստացել ենք, աշխատավարձ ենք տվել ախտահանում իրականացնող բանվորին: Վերջին 5 հզ դրամը երեկ է ստացել,-մեր հարցազրույցի ժամանակ ասաց նա:


-Սկզբնական շրջանում  բոլոր շենքերն են ախտահանվել մեր կողմից, հիմա արդեն որ շենքերում, շքամուտքերում վարակակիրներ կան, բնակիչներն իրենք էլ են զանգում անմիջապես տեղեկացնում և համատիրությունն այդ տարածքներում շատ օպերատիվ ախտահանման աշխատանքներ է իրականացնում: Թեև մանկական խաղահրապարակներն ու հանգստի տաղավարները համատիրության կազմի մեջ չեն, արդեն ասացի, բակերը համատիրություններին չեն պատկանում, այլ համայնքինն են, բայց մենք այս օրերին ստիպված ենք լինում դրանք էլ ախտահանել: Մեր բնակիչն է այդտեղ նստում, իսկ ընդհանրապես, ճիշտը այն կլինի, որ բակային տարածքները ևս տրամադրվեն համատիրությանը: Մենք նաև բակերի մաքրման աշխատանքներն ենք իրականացնում, այստեղ լուրջ բախում կա համատիրությունների և համայնքապետարանի իրավունքների և պարտականությունների հետ կապված: Այս խնդիրը կա համատիրությունների ձևավորման առաջին իսկ օրվանից ու այդպես էլ մնում է մինչ օրս,-ասում է Սիլվա Եթիմյանը:


Վանաձորի ոչ մի այլ համատիրություն արտակարգ դրության ժամանակահատվածում ֆինանսական աջակցության որևէ խնդրանք կամ պահանջ չեն ներկայացրել Վանաձորի համայնքապետարան:  Համայնքապետարանի ներկայացուցիչը իր բանավոր խոսքում էլ նշեց, որ Վանաձորի համայնքապետարանը աջակցություն է ցուցաբերել միայն նշված 3 համատիրություններին, քանի որ միայն այդ համատիրություններն են դիմել իրենց՝ աջակցություն ստանալու համար:
Խոսեցինք Վանաձորում գործող ևս մի քանի համատիրությունների նախագահների հետ, նրանք բոլորն էլ ներկայացնում են, որ համատիրության հավաքագրումների առյուծի բաժինը աշխատավարձերին է տրամադրվում և համատիրությունները մշտապես ֆինանսական խնդիրներ ունեն, եթե սկսեն պահանջներ ներկայացնել, դրանք անվերջ են լինելու ու անընդհատ: Նրանցից մի քանիսն այս կամ այն պահանջով դիմել և ստացել է ֆինանսական աջակցություն, բայց ոչ համավարակի շրջանում: Համավարակի շրջանում բավարարվել են Վանաձորի համայնքապետարանից միայն ախտահանիչ միջոցներ՝ քլորի հաբեր ստանալով:
Վանաձորի համայնքապետարանից համավարակի շրջանում ստացած աջակցության հետ կապված հարցում էր իրականացրել  նաև «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն: Այս թեմայով խոսեցինք նաև նրանց հետ:
-«Ցալկուտը» և «Ուրարտուն» նախկինում մի շենքում են գործել, բայց հիմա ոչ: Ինքնակառավարվող մարմիններից 3-ից միաժամանակ 1 միասնական փաստաթուղթ ենք ստացել 1 ստորագրությամբ,-տարակուսած ասում է ՀԿ-ի ծրագրի համակարգող Էլիտա Սեֆիլյանը և ցույց տալիս փաստաթուղթը:-Կնիքը, ստորագրությունը պատասխանատվություն են ենթադրում, բոլոր 3 համատիրությունների համար մեկ պատասխանատու, մեկ ստորագրություն, մտածելու տեղիք է տալիս,-ասում է նա:

Նույնիսկ վաղուց մահացած անձի տվյալներ կան
 համատիրությունների նախագահների ցանկում

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն վերջերս դիտարկումներ է իրականացրել համայնքապետարանի և համատիրությունների աշխատանքների հետ կապված: Ծրագրի համակարգող Էլիտա Սեֆիլյանը պատմում է, որ հարցումներ են ուղարկել համատիրություններին: Ստացել են խնդրահարույց պատասխաններ:

Էլիտա Սեֆիլյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ խնդրին, որին մենք բախվեցինք համատիրությունների հետ աշխատելիս, միակը չէինք, պարզվեց, որ էլեկտրոնային եղանակով համատիրությունների հետ աշխատելը դժվար է եղել նաև «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի համար, իսկ լավագույն դեպքում, եթե անգամ պատասխան են ստացել, ապա բացակայել է կնիքը, ստորագրությունը և այլն: Նույն խնդրին առնչվեցինք մենք՝ նյութը պատրաստելիս: Է. Սեֆիլյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ փորձել են տարբեր եղանակներով կապ հաստատել իրենց հարցմանը չարձագանքած համատիրությունների հետ, նպատակ ունենալով ճշտել, թե ինչու չեն պատասխանել գրավոր հարցմանը, ի պատասխան, այդ համատիրությունների նախագահները խնդրել են, որ իրենց անունները հանեն այդ ցուցակներից:
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի կողմից ուղարկված գրավոր հարցմանը չեն արձագանքել համատիրություններից 11-ը: Ի դեպ՝ գրավոր հարցումները փոխանցվել են համատիրություններին առձեռն, փոստային և էլեկտրոնային տարբերակներով:

-Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում հանդիպել ենք բնակիչների զարմանքին: «Իսկ համատիրությունն ընդհանրապես ինչ-որ բան անու՞մ է»՝ հարցադրումով: Հաճախ համատիրության նախագահն անգամ չի պատկերացնում իր գործունեության ոլորտներն անգամ քովիդի ժամանակ: Ծիծաղելի պատմություններ էլ լսեցինք այս առումով: Օրինակ համատիրության նախագահը զարմացած էր, որ իրենից պահանջում են զբաղվել բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանմամբ: Եվ այս մասին խոսում էր որպես տուժող կողմ,-պատմում է Է. Սեֆիլյանը:-Աշխատանքը բարդ էր, մի մասը բանավոր էին ուզում պատասխանել, պատճառաբանելով, որ ժամանակ չունեն, սա արդեն նշանակում է խուսափել և պատասխանելուց, ինչու չէ՝ և պատասխանատվությունից, իսկ համավարակի այս իրավիճակը պահանջում էր, որ առաջին հերթին համատիրություններն այնպես կազմակերպեն աշխատանքները, որ կանխարգելեն, կամ փոքրացնեն ռիսկերը:


— Համատիրությունների նախագահների հետ շփվելով արձանագրեցինք նաև, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն իրենց գործառույթները, բնականաբար, եթե անտեղյակ են, ուրեմն աշխատանքներն էլ թերի են: Օրինակ, մեր հարցման պատասխանի մեջ որպես իրենց կողմից կատարված աշխատանք նշում են, որ կրծողների դեմ են աշխատանքներ իրականացրել, նշանակում է, որ իրենք համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ չեն արել: Շատ քիչ թվով համատիրություններ են իրականացրել աշխատանքներ, այս առումով, ցավով պետք է արձանագրեմ, որ պատկերը հակվում է դեպի բացասականը,-ամփոփելով Վանաձորում գործող համատիրությունների աշխատանքի վերաբերյալ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի դիտարկումների արդյունքները՝ ասաց Է. Սեֆիլյանը:

Հաշվի առնելով համաճարակով պայմանավորված սահմանափակումները՝ Covid-19-ի շրջանում, Վանաձորի համատիրությունների աշխատանքի վերաբերյալ բացի բնակիչների հետ հանդիպումներից նրանց հետ նաև  հարցում իրականացրեցինք՝ էլեկտրոնային եղանակով: Հարցմանն ընդհանուր թվով մասնակցել է 228 վանաձորցի՝ 29 համատիրություններից:
Հարցման մասնակիցների 97 տոկոսը պնդում է, որ համատիրություններն ավելորդ կառույցներ են, միայն հավաքագրումներով են զբաղված և մատնված են անգործության: Հարցվածների միայն 24.2 տոկոսը հստակ պատկերացում ունի համատիրությունների և նրանց գործառույթների վերաբերյալ:
Արդյունքներից չենք զարմանում, քանի որ տեսանք նաև, որ համատիրությունների նախագահներից շատերը հստակ չեն պատկերացնում համատիրությունների գործառույթները, որն ավելի ցայտուն իր դրսևորումներն ստացավ համավարակի շրջանում: