Երեւանում պայթեցրել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի Lexus-ը. դեպքի վայր է ժամանել ՀՀ փոխոստիկանապետը

241

 

Երեւանում, այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել,. ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ դեռեւս անհայտ հանգամանքներում, պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում աշխատել են նաեւ Ոստիկանության փորձաքրեագետները։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության քրեական վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երեւանի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով տուժածներ չկան։ Աղբյուրի տեղեկություններով՝ պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս շարժի է դրել ավտոմեքենան, եւ մի քանի մետր առաջ ընթանալով, պայթյուն է տեղի ունեցել։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահանվող հատուկ տարածք։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաեւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Կարեն Մելքոնյանը։