Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները աշխարհաքաղաքական մեծ ծրագրեր ունեն.բացառված չէ, որ այն դառնա Ադրբեջանի 2-րդ մայրաքաղաքը

436
Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները աշխարհաքաղաքական մեծ ծրագրեր ունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Շուշիի կորուստն իր հետեւանքներով համեմատելի է Անիի կորստին, բայց խնդիրն այն է, որ Շուշին, որպես գործոն, որը երկար տարիներ՝ 92 թվականից ի վեր, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն է ապահովել, կարող է դառնալ ապագայում աշխարհաքաղաքական պայքարի լուրջ կատալիզատոր»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը սկսել է շատ խոշոր ավտոճանապարհի շինարարություն, 4 ուղեշերտով մայրուղու լայնությունը կկազմի միջինը 36 մետր, ճանապարհը ձգվում է օկուպացված Հադրութից մինչեւ Շուշի: Սա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն Շուշիին տալիս է ոչ միայն բարոյահոգեբանական եւ պատմական նշանակություն, այլեւ տնտեսական եւ ռազմա-քաղաքական, ընդ որում՝ առաջին հերթին ռազմա-քաղաքական: «Բացառված չէ, որ Շուշին, ինչպես արդեն ասել ենք, դառնա նոր ստեղծված ղարաբաղյան վարչական միավորի կենտրոնը կամ ավելին՝ Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքը: Նույնիսկ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Շուշիում անցկացնել թյուրքական պետությունների գագաթնաժողովները կամ բացել համաթուրքական ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ նաեւ ռազմական: Հասկանալի է, որ այդ ամենն արվում է նաեւ Թուրքիայի փոխանցմամբ՝ աշխարհաքաղաքական նպատակներով Անդրկովկասում, Հյուսիսային Կովկասում, Պովոլժիեում, Կենտրոնական Ասիայում, Իրանում եւ այլուր պանթյուրքիզմի տարածման համար իր պայքարում»,- շեշտեց Բաբայանը: