«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին». Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում.

245

 

«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին». Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում. Jam-news

Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում  Jam-news. Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տարանցիկ ճանապարհ կառուցելու հնարավորությունը: Ամենայն հավանականությամբ, այն կանցնի Մեղրիով: Քաղաքը գտնվում է Երևանից համարյա 400 կմ հեռավորության վրա, Իրանի հարևանությամբ։ Արևմուտքում Մեղրին սահմանակից է Ադրբեջանի մաս կազմող էքսկլավին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում։ Սակայն Հայաստանում դա ոգևորություն չի առաջացրել։ Շատերն են այն կարծիքին են, որ բացի Լեռնային Ղարաբաղի տարածքների կամավոր հանձնումն Ադրբեջանին, այս փաստաթուղթը հող է նախապատրաստում Մեղրին հանձնելու համար։

Իսկ ինչ են մտածում նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության մասին հենց իրենք՝ Մեղրիի բնակիչները, ինչ մտավախություններ և սպասելիքներ ունեն։ «Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել» Խորհրդային տարիներին Երևան-Նախիջևան-Բաքու, ինչպես նաև Երևան-Կապան երկաթուղին անցնում էր Մեղրիով, Արաքս գետի ափամերձ հատվածով: Տարիներ առաջ երկաթուղին ապամոնտաժվել է: Ընդ որում Մեղրու շրջանից ցամաքային կապը Երևանի հետ ևս իրականացվում էր Նախիջևանով: 1980-ին շահագործման հանձնվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը, որով հնարավոր եղավ Մեղրին ու Երևանն իրար կապել նաև Սյունիքի շրջանով: Մեղրիի բնակիչներից, բանասեր Սիրուն Սարգսյանը հիշում է մի միջադեպ, որը տեղի է ունեցել 1980-ականներին, Երևան-Կապան գնացքի ուղևորների հետ․ «Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, երբ կային անվտանգության բոլոր երաշխիքները, հայ ուղևորներին առևանգել էին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում։ Դա 88 թվականի Սումգայիթում հայերի ջարդերից հետո էր։ Գերեվարվել էին ուղևորներ, միայն բանակցություններից հետո մաս-մաս բաց թողեցին, մի քանիսն էլ ամիսներով մնացին Օրդուբադում։ Այդ ամենից հետո երկաթուղին դադարեց գործել։ Ուզում եմ ասել, անվտանգության երաշխիքները բավարար չեն»։ Սիրունը համոզված է՝ ճանապարհի կառուցմամբ Հայաստանը կանգնելու է Մեղրին կորցնելու վտանգի առջև․ «Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին։ Ես չեմ պատկերացնում, ինչ տնտեսական օգուտի մասին է խոսքը։ Ես չեմ հավատում ոչ մի խոստումի, ոչ մի երաշխիքի։ Հարց եմ տալիս, ինչո՞ւ Մեղրին մտավ այս պատերազմի զիջվող տարածքների մեջ, սա Հայաստանի բնակավայր է, ինչո՞ւ են ուզում հագուրդ տալ Ալիևի ծրագրին։ Սրանով իրականացվում է Թուրանի ծրագիրը։ Առանց այն էլ Ղարաբաղը մասնատել են, ծվատել, հիմա նույն ձևով Հայաստանին են անցնում»։ Քանի որ շատերն են այսպես մտածում, նոյեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. Մեղրին Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը բացարձակ անհեթեթություն են․ «Ընդամենը խոսքը տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին է, այդ թվում` Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»։ «Չկա Մեղրի՝ չկա Հայաստան» Մեղրեցի Սիրան Սարգսյանն էլ ասում է, որ Մեղրին նոր չէ հայտնվում է բանակցային սեղանի վրա, այն պարբերաբար շահարկումների է ենթարկվել Հայաստանի տարբեր իշխանությունների կողմից։ Բայց եղել են և ղեկավարներ, որոնք ճշմարիտ են գնահատել իրավիճակը․ «Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ Մեղրին սոսկ աշխարհագրական տարածք չէ, Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Մեղրին քո տան դուռն է։ Եթե դու Մեղրին տալիս ես, դու փակում ես քո տան դռները։ Չկա Մեղրի՝ չկա Հայաստան։ Որպես մեղրեցի դեմ եմ փաստաթղթում ներառված այդ կետին»։

https://newinfo.am/am/news/single/30174