Արտագաղթի միտումն արդեն կա, տեսանելի է. ԱՀԱԶԱՆԳ

487

 

Մեր պետությունն ու հանրությունը մեծ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի կանխեն այս պատերազմից հետո սպասվող միգրացիան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Նրա խոսքերով՝ այդ միգրացիայի միտումն արդեն կա, տեսանելի է, որովհետև մարդիկ առաջին հերթին մտածում են իրենց երեխաների ապագայի մասին: «Մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, ի դեպ, ես միշտ հավատացել եմ, որ մենք լավ բանակ ունենք: Մենք ունենք հրաշալի կռվող զինվորներ, հրաշալի սպայական կազմ, բայց պարզվեց, որ իրականում սպառազինված չենք համարժեք: Մեր մշակույթին, գիտությանը, կրթությանը ավելի քիչ գումար է տրամադրվում, որովհետև մտածել ենք, որ դա գնում է բանակի հզորացմանը: Հիմա մեր պետական այրերը պետք է շատ արագ պետականամետ մոտեցում ցուցաբերեն և կանխեն, որ նման բան չլինի: Օդի մեջ արդեն այդ միտումը զգացվում է»,- ասաց Սվետլանա Պողոսյանը:

Նա հավելեց, որ բնական է, որ պարտությունը ծնել է հիասթափություն, որն անպայմանորեն ազդելու է միգրացիայի տեմպերի վրա. «Դա տեսնելու համար մարգարե լինել պետք չէ: Ուղղակի դա պետք է շատ արագ կանխել: Պետք է մեզ համար գերակա խնդիրներ սահմանենք ու դրան համապատասխան արձագանք լինի: Ես դժվարանում եմ ընդունել պարտություն կոչվածը, նման բան պետք է չլիներ, որովհետև զինվորներն ու սպաները ինչ հնարավորություն ունեցել՝ արել են: Պետությունը պետք է այս ծնկած վիճակից արթնանան ու արձագանքի, այլապես ավելի տխուր կլինի: Անորոշությունն ամենավատ բանն է: Մարդիկ պետք է ճիշտ տեղեկատվություն ստանան, որպեսզի արձագանքն էլ համարժեք լինի»: Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ եթե կրթված, գործունյա խավը որոշի հեռանալ, դա աղետալի կարող է լինել երկրի համար, նա արձագանքեց. «Միայն կրթական բարձր ինտելեկտ ունեցող շերտը չի գնալու: Մենք 1990-ականներին դիմակայեցինք ցրտին, մթին, բայց մենք իմացել ենք, որ ունենք գերխնդիր ու ինչի համար ենք դա անում: Մենք դա արել ենք հանուն Արցախի, հանուն մեր անվտանգության գոտու, որը հիմա չունենք: Հիմա վիճակն ավելի բարդ է, որովհետև անորոշություն է: Եվ ամեն մեկը ինչ հնարավորություն ունենա, կօգտագործի երկրից հեռանալու համար: Սա ես մեծ դառնությամբ եմ ասում»: Հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր, մեխանիզմներ պետք է ներդրվեն հանրության կոտրված մեջքն ուղղելու և առաջ նայելու համար, ազգագրագետն ասաց. «Պետք է քաղաքացին զգա պետական աջակցություն, պետական մոտեցում, որ ամեն մեկն իր տեղում իր գործն անի: Ի վերջո, պետք է հասկանանք, որ նյութական արժեքները գալիս-գնում են, մեզ համար գերակա խնդիրը պետք է լինի մեր հայրենիքը, ոչ թե փողը, բարեկեցիկ կյանքը: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք բարեկեցիկ լինել, բայց առաջնահերթություն պետք է լինի հայրենիքը: Եթե մենք չունենանք պաշտպանված սահմաններ, նվիրված պաշտոնյաներ, ինչի՞ մասին է խոսքը»: Ինչ վերաբերում է մոտեցմանը, որ Արցախից Հայաստան տեղափոխված հազարավոր քաղաքացիներին կարելի է վերաբնակեցնել մարզերում, որտեղ բնակչության խնդիր կա, Սվետլանա Պողոսյանն ասաց. «Մարդիկ իրենց հայրենի բնաշխարհից կտրվեցին և հարկադրված տեղափոխվեցին: Հիմա պայմանները պետք է հնարավորինս տանելի լինեն, որ այդ մարդիկ, որ կրակից պրծել են, չհայտնվեն անմարդկային պայմաններում: Արդյոք այդ մարդիկ պատրաստ կլինե՞ն ապրել սահմանամերձ բնակավայրերում, թե՞ կգնան դուրս: Մենք ոչ թե պետք է իրենց զսպաշապիկ հագցնենք, որ չգնան, այլ պայմաններ ստեղծենք, որ չուզենան գնալ: Այո՛, մի որոշակի հատված՝ անկախ ամեն ինչից, գնալու է երկրից: Պետությունը հենց նրա համար է, որ արդեն իսկ պլան Բ ունենան, պլան Գ ունենան, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում կողմնորոշվեն, իսկ մենք նույնիսկ երևի պլան Ա չունենք»: