Հիշողության եւ դժվարության կամուրջ․ Գյումրիում բնակվող արցախցիները

514

Ծո, չեմ աշե, որ չբլաղ ես, գուզեմ հասկնամ՝ փողը ուրդի՞ց պտի հանես

Մութ, նեղ սենյակի փայտի վառարանի մոտ նստած 70-ամյա պահակը դուրս է գալիս միջանցք, համաձայնում ուղեկցել ինձ Գյումրիում հյուրընկալած արցախցի ընտանիքներին։

Աստիճաններով երկրորդ հարկ ենք բարձրանում։ Ցուրտ միջանցքում թռվռալով մեզ է դիմավորում 7-8-ամյա երեխա՝ փայլփլող աչքերով ու սպիտակավուն դեմքով։ Պահակն ակնարկում է՝ վաղը մեկնելու են Արցախ, ուրախ է։ «Երեխան ասում է՝ պատերազմից հետո մեր գյուղը քաղաքի է վերածվել։ Չեմ հասկանում, երեւի ծնողներն են կատակ արել»,-ասում է ու ինձ ուղեկցում առաջին իսկ սենյակ։

․․․․Սենյակում մի քանի մահճակալկա՝ վրան տաք վերմակներ։ Տաքացուցիչը գետնին է, հարմար տեղում, փոքր բազմոցին տարեց կինը նայում է լուռ։

Սեղանին կարկանդակներ են, հացի կտորներ, քաղցրավենիք, հյութ, որոշ տոպրակներ։ Միջահասակ մի կին ընթրում է, պահակից հարցնում է ինքնությունս։ Այստեղ լրագրողներին գրեթե չեն ուզում ընդունել։ Պատրաստ են խոսել, բայց անանուն եւ առանց տեսախցիկի։

Մոր կողքին կանգնած է դպրոցահասակ Արամը (անունը փոխված է)։ Ասում է՝ ոչ մի բանի կարիք չունի, միայն wi fi է ուզում, որ դասերին հեռավար մասնակցի։ Արդեն երկու ամսից ավել է՝ դպրոց չի հաճախում։ Մայրը խոստովանում է՝ Հայաստանում դպրոց չգնալու պատճառը նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումն է, իսկ հեռավար դասերին չմասնակցելու պատճառը՝ ինտերնետի բացակայությունը։

Արամը մոր եւ տատի հետ Գյումրի է եկել հոկտեմբերի վերջին օրերին, մինչ այդ ապրել են Արցախի նկուղներում ու ապաստարաններում, Շուշիի իրենց բնակարանն ամբողջությամբ այրվել է։ Մի քանի շոր եւ փաստաթղթեր են իրենց մոտ մնացել, ուրիշ ոչինչ։ Հարազատներն ապրում են Ստեփանակերտում, նրանց տեղավորվելուց հետո միգուցե իրենք եւս վերադառնան։

Մայրը պատմում է՝ երկու ամիս է երեխայի թոշակը չի կարողացել ստանալ, Գյումրու համայքնապետարանում խնդիրը չեն կարգավորել, փոխարենն առաջարկել են դիմել տարածքային սոցիալական ապահովության բաժին։ «Տեղը չգիտեմ, ինչպե՞ս գնամ»,-դիմում է ինձ Արամի մայրը եւ հետո ավելացնում․ «Կգնանք Արցախ, խնդիրը կլուծենք, շնորհակալ ենք օգնության համար»։

Արամի մայրն անտեղյակ է, որ ՀՀ կառավարությունը Ադրբեջանի վերահսկողությանն անցած համայնքներում՝ այդ թվում Շուշիում հաշվառված անձանց հատկացնելու է 300 հազարական դրամ։ Պահակն ուշադիր նայում է նրան, իրար հասկանում են, Արամի մայրը լռում է եւ թեման փոխում։

․․․Նույն սենյակում են նաեւ 60 տարեկանին մոտ երկու կին։ Նրանք պատրաստվում են վերադարձի։ Տիկին Իվետան տետրում գրառել է ՀՀ կառավարությունից ստացվող գումարների չափերը եւ ուրախ նայում է ինձ։ «Մարտակերտ ենք վերադառնալու, տունն ամբողջությամբ կանգուն է։ Ես այստեղի մարդկանցից շատ շնորհակալ եմ։ 64 տարվա ընթացքում այսպիսի հյուրասիրություն չէի տեսել, ամեն օր միս են հյուրասիրում»,-ասում է նա։

Կառույցի պահակն ինձ առաջարկում է ուղեկցել հարեւան սենյակ։ Միջանցքում, սակայն, քանի վայրկյան անց հայտնվում է արցախցիների խնդիրներով զբաղվող համակարգողն ու ասում․ «Իրենք ինձ խնդրել են, որ լրագրողների հետ չհանդիպեն․ ամեն անգամ պատմելիս, խոսելիս՝ թարմացնում են իրենց վատ հիշողությունները»։

Ցուրտ միջանցքում վազվզում են դպրոցահասակներն ու միմյանց շշնջում՝ վաղը ճամփա են ընկնելու, իրենց մանկության գյուղի բակի երեխաներին կարոտել են։

Շարունակելի

Անի Մկրտչյան

 

Հիշողության եւ դժվարության կամուրջ․ Գյումրիում բնակվող արցախցիները