Դաժան ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ ամբողջովին այրված Toyota-ում հայտնաբերվել է ընտանիքի անդամների 3 մոխրացած դի, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

226

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհի Հացաշեն գյուղի վարչական տարածքում ճանապարհին ամբողջովին այրված ավտոմեքենա կա, որի մեջ էլ կան դիեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Թալինի հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը։

Ոստիկաններն ու փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 3 մոխրացած դի, իսկ նշված վայրից էլ Թալինի հիվանդանոց են տեղափոխվել 2 հոգի։

Պարզվել է, որ վարորդը ավտոմեքենայով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների իքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները մի ընտանիք են։

15։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ 68-ամյա Իշխան Մադոյանը։

Վթարի հետևանքով՝ Ի․ Մադոյանը, ուղևորներ՝ Մեծամոր քաղաքի բնակիչներ 65-ամյա Վարդենիկ Մադոյանը, 11-ամյա Մարգարիտա Նազարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուևորներ՝ Մեծամոր քաղաքի բնակիչներ 38-ամյա Արմինե Մադոյանն ու 17-ամյա Ժիրայր Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Մահացածներից Վ․ Մադոյանն ու Ի․ Մադոյանը ամուսիններ են, մահացածներից Մ․ Նազարյանը նրանց թոռնիկն էր, Ա․ Մադոյանը վարորդի աղջիկն է, Ժ․ Նազարյանն էլ վարորդի թոռն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դաժան ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ ամբողջովին այրված Toyota-ում հայտնաբերվել է ընտանիքի անդամների 3 մոխրացած դի, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)