Վարչապետը փակ հանդիպում է ունեցել ՀԽ կազմի հետ. բարձրաձայնվել է նաև Փաշինյանի հրաժարականի հարցը

91

 

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրային խորհրդի անդամների հանդիպում է տեղի ունեցել: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Հանրային խորհրդի երկու անդամներ՝ Դանիել Իոաննիսյանը և Գաբրիել Ջեմբերջյանը: Հանդիպման ժամանակ խորհրդի մի քանի անդամներ բարձրաձայնել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Գաբրիել Ջեմբերջյանը մեզ հետ զրույցում հաստատելով այս տեղեկությունը՝ ասաց. «Քննարկել ենք ընդհանուր երկրի վիճակը: Քննարկվեց նաև վարչապետի հրաժարականի հարցը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես կարող եմ շտկել այս երկիրը: Երեք ժամ է տևել նիստը, բայց ես մինչև վերջ չմնացի: Բոլոր անդամները ներկա չեն եղել, միայն 14 անդամ էր ներկա»։ Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում փակ հանդիպումից քիչ մանրամասներ փոխանցեց: «Փակ հանդիպում էր, հիմա կոռեկտ չէ՝ ասեմ, թե ով ինչ հարց է բարձրացրել և ինչ պատասխան է ստացել: Միայն ասեմ, որ ես բարձրացրել եմ պատերազմի ժամանակ հանրային կոմունիկացիայի, Կապանի սահմանամերձ հատվածների անվտանգության հետ կապված հարցեր և այլն»,- ասաց Իոաննիսյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցի բարձրացմանը՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Ես նման հարց չեմ բարձրացրել: Եթե պարոն Ջեմբերջյանն ասում է, ուրեմն մի բան գիտի: Կոռեկտ չի, որ փակ հանդիպումից հրապարակում անեմ»: Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ևս չհերքեց, որ նիստի ժամանակ հարց է հնչել Փաշինյանի հրաժարականի մասին, սակայն մանրամասներ այս հարցի հետ կապված չհայտնեց՝ նույնպես նշելով, որ փակ հանդիպում է եղել: «Քանի որ պայմանավորվել ենք, որ հանդիպումն առանց մամուլի է, ես ինձ թույլ չեմ տա մանրամասներ ասել: Պետք է ասեմ, որ շատ հարցեր ենք քննարկել՝ կառավարության ճանապարհային քարտեզի իրականացումից մինչև Արցախի սոցիալական հարցեր: Եղել է բավականին հագեցած քննարկում՝ կառուցողական դաշտում»,- ասաց նա: Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/316515.html

© factor.am