Թանկացել են շաքարավազը, ձեթը և կարագը․ տնտեսագետները՝ պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

291

Թանկացել են շաքարավազը, ձեթը և կարագը․ տնտեսագետները՝ պատճառների մասին․  ՏԵՍԱՆՅՈՒԹ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Առաջին անհրաժեշտության մթերքի՝ ձեթի, կարագի և շաքարավազի շուկայում գնաճ է արձանագրվել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) հայտնում են՝ Հայաստանում խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով շաքարավազի գնի բարձրացում՝ 6-7 տոկոսով, «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի գինն աճել է 1 տոկոսով, արևածաղկի և եգիպտացորենի ձեթի որոշ տեսակների գները բարձրացել են 2-7 տոկոսով։

ՏՄՊՊՀ-ն այս գնաճն արձանագրել է սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրած մշտադիտարկումների արդյունքում:

ՏՄՊՊՀ-ից միաժամանակ հայտնում են, որ նշված ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Factor TV-ի հետ զրույցում ևս նշում է, որ դրամի արժեզրկումը նույնպես կարող է ապրանքների գնի բարձրացման պատճառ դառնալ, սակայն նա, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առևտրային ցանցերի սեփականատերերը, հնարավոր է, օգտվում են իրավիճակից և իրենց պահեստներում եղած ապրանքն են հանում վաճառքի:

Ըստ տնտեսագետի՝ պետք է հանրությանն առավելագույն տեղեկություններ տալ, թե թանկացած կարագի, ձեթի և շաքարավազի ներկրումը որքան է արժեցել ներկրողի վրա: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գների բարձրացման՝ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած պատճառները օբյեկտիվ է համարում:

Իսկ հարցին՝ արդյո՞ք կա վստահություն, որ պահեստներում առկա ձեթն ու կարագը բարձր գնով չի վաճառվում քաղաքացուն, պատասխանեց՝ պետք է վստահել պատկան մարմինների ուսումնասիրություններին: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ որպես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պատճառ նշում է ոչ միայն դրամի արժեզրկումն ու այդ ապրանքների միջազգային գների բարձրացումը, այլ նաև մեր երկրի մակրոտնտեսական անկայությունը, պետական եկամուտների էականորեն կրճատումը, պետական աճող ծախսերը, որոնք առաջանում են պատերազմի հետևանքով:

Տնտեսագետը զգուշացնում է՝ գնաճով պայմանավորված՝ ունենալու ենք աղքատության մակարդակի աճ: Իսկ ահա իմքայլական Արտակ Մանուկյանը կարծում է, որ գնաճ չի լինի: Պատգամավորը գնանկման մասին է ակնարկում: Ատոմ Մարգարյանն էլ կարծում է, որ գնաճն առավել տեսանելի կլինի, եթե չկայունանա դրամ-դոլար փոխարժեքը: Իսկ ահա Թադևոս Ավետիսյանն առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ պատերազմին հաջորդող օրերին է արձանագրել: Տնտեսագետները որոշակի ապրանքների գնաճ կանխատեսում են նաև հետպատերազմական իրավիճակով պայմանավորված: Մանրամասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան