«Մարդիկ ասում են՝ գոնե իմանաք՝ մեր երեխան կենդանի է, թե չէ։ Ահավոր վիճակ է, ժողովուրդ։ Մարդ երեխա, թոռ պիտի ունենա, որ այդ ամենը հասկանա։ Ես էլ չեմ կարողանում քնել, չեմ կարողանում»,- ասաց նա։

148

Այսօր կրկին շարունակվում է մշակույթի գործիչների նախաձեռնած երթը: Հիշեցնենք, որ «Համախմբամն երթ» կարգախոսով արդեն երրորդ օրն է՝ մշակույթի գործիչները հավաքներ և երթեր են իրականացնում ՀՀ-ում գտնվող այլ երկրների դեսպանատներ՝ փոխանցելով նրանց նամակներ՝ հույս ունենալով, որ տվյալ երկրները կարող են նպաստել, որ Ադրբեջանը կատարի համաձայնագրով ստանձնած իր իսկ պարտավորությունները, որոնցից մեկը ռազմագերիներին և զոհվածների աճյունները վերադարձնելն է:

Երթին մասնակցում են նաեւ սովորական քաղաքացիներ, անհետ կորածների եւ ռազմագերիների հարազատներ: Այսօր նրանք քայլերթով շարժվելու են ֆրանսիական դեսպանատուն, որպեսզի նամակ հանձնեն։

Դերասան Աշոտ Ղազարյանը, որը նույնպես նախաձեռնությանը մասնակցում է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ անարդարություն է տեղի ունենում։ «Մարդիկ ասում են՝ գոնե իմանաք՝ մեր երեխան կենդանի է, թե չէ։ Ահավոր վիճակ է, ժողովուրդ։ Մարդ երեխա, թոռ պիտի ունենա, որ այդ ամենը հասկանա։ Ես էլ չեմ կարողանում քնել, չեմ կարողանում»,- ասաց նա։

Ղազարյանը շեշտեց, որ ամեն գնով փորձում են եւ ուզում որդեկորույս ծնողներին այս վիճակից հանել։ «Այս օրերին նկարահանվում ենք․ գալիս ենք նկարահանման հրապարակ, տեսնում՝ ոչ մեկը տրամադրություն չունի։ Խոսում ես, թեկուզ՝ ժպտում, բայց ներսդ վառվում է։ Դաժան բան է։ Այն մարդը, որն այս հողին ու ջրին է կպած, ծնվել է այստեղ, մեծացել, դժվար է այս ամենն այդ մարդու համար»,- ասաց Ղազարյանը։

Լրագրողների հարցին՝ եթե միացել է նախաձեռնությանը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ինքն էլ է դժգոհ պետական մակարդակով արված գործընթացներից, Աշոտ Ղազարյանը պատասխանեց․ «Արդեն դա քաղաքական հարց է։ Ես 71 տարեկան եմ․ այսքան ժամանակ տեսել եք, որ մի անգամ քաղաքականության մեջ լինեմ կամ ինչ-որ հարցերի խառնվեմ։ Չկամ, քանի որ նախ, չեմ սիրում եւ հետո՝ շատ բաներ չեմ էլ հասկանում»։

Իր այս քայլը որակեց ուղղակի ճիշտ եւ սրտացավ հայի շարժում։

Այսպիսով՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից սկիզբ առած մտավորականների երթը շուտով հասավ Ֆրանսիայի դեսպանատուն: Նամակը նրացից ընդունեց դեսպանատան ներկայացուցիչը:

Դերասան Հրանտ Թոխատյանը, որն այս ակցիաների համակարգողներից է, ներկաներին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը խոստացել է նամակը հենց այսօր հանձնել դեսպանին. «Մենք ասացինք, որ ակնկալում ենք պատասխան՝ նամակին ընթացք տալու համար»,- նշեց դերասանը:

Նա նաև հայտնեց, որ այսօրվա իրենց անելիքն այսքանն էր՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին։ «Մենք ունենք Մինսկի խմբի անդամ նաև երրրոդ երկիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի դեսպանատան մոտ կհանդիպենք վաղը՝ ժամը 13:00-ին: Բայց արդեն ոչ թե երթ կանենք, այլ հենց դեսպանատան մոտ կհանդիպենք»,- ասաց Հրանտ Թոխատյանը:

Նա նաև նշեց, որ երեկոյան ակնկալում են ՌԴ դեսպանատան արձագանքը, որին նամակ էին փոխանցել երեկ, իսկ վաղը՝ արդեն Ֆրանսիայի դեսպանատան: Դերասանը ևս մեկ անգամ ամբողջ աշխարհի հայությանը կոչ արեց նամակներ ուղարկել իրենց երկրների կառավարություններին և պատկան այլ մարմիններին: