Ինչպես են զինվորները պաշտպանում Թաղավարդը, որի մի մասը թշնամուն է մնացել… (տեսանյութ)

165

 

Թաղավարդ գյուղի մի հատվածը թշնամու վերահսկողության տակ է, բայց գյուղի բնակիչներից մի քանիսն արդեն տուն են վերադարձել։

Նոր Մարաղա

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը պաշտպանող դիրքերում ամուր կանգնած են ՊԲ զինծառայողները։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է զինվորների առօրյայի, տրամադրության ու նպատակների մասին։

Նրանք ձգտում են հարմար բնագծեր զբաղեցնել, որ գյուղացին իրեն ավելի ապահով զգա իր հողում։ Պատերազմի օրերին թշնամին անգամ օրը մի քանի անգամ հարձակումներ էր իրականացնում Թաղավարդը պաշտպանող դիրքերից մեկի ուղղությամբ, սակայն մեր զինվորները նրանց հետ են շպրտել։

Ասում են՝ այստեղ թշնամին մեծ կորուստներ է կրել՝ թե՛ մարդկային, թե՛ զինտեխնիկայի։ Հիմա թշնամին մեր տղաներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է, դիրքավորվել են ձորակում՝ մեր զինծառայողների կողմից ոչնչացված թշնամական զրահատեխնիկայի մոտ, մի քիչ հեռու էլ դրոշն են բարձրացրել։

Նկարահանումների ժամանակ կրակոցներ են հնչում․ լրագրողը մեկնաբանում է՝ մեկ-մեկ հրադադարի ռեժիմն էլ են խախտում։

«Հիմնականում հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե, լինում են որոշ բացառություններ հակառակորդի կողմից՝ հրաձգային զինատեսակներից, ու, ըստ իս, անհասցե կրակոցներ են»,- ասում է փոխգնդապետ Նարեկ Պետրոսյանը։

Այժմ Թաղավարդի մի մասը թշնամու վերահսկողության տակ է, սակայն զինվորները վստահ են, որ դա ժամանակավոր է։ Գյուղացիների մի մասը վերադարձել է, զինվորները հավատում են, որ մյուսներն էլ կվերադառնան։

Մարտական ոգին բարձր է․ ասում են՝ չեն պարտվել, 90 միլիոնի դեմ կռիվ են տվել, հիմա էլ նահանջելու տեղ չունեն։