Նախապատրաստվում է հաջորդ պատերազմը. Լավրով-Շոյգու այցը սխալն ուղղելու սփոփիչ այց է

882

 

Նախապատրաստվում է հաջորդ պատերազմը. Լավրով-Շոյգու այցը սխալն ուղղելու սփոփիչ այց է - MediaTime.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

-Պարոն Արշակյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Ինչպե՞ս եք գնահատում այցը։

-Իհարկե, կոպիտ սխալ թույլ տվեց ռուսական ֆեդերացիան և հիմա սթափվում է, այսինքն՝ այն, ինչ թղթի վրա մտածել էին Էրդողան-Պուտինը, ճիշտ նույն էֆեկտն ունեցավ, ինչ Լենին-Աթաթուրքը։ Նրանք կորցրին Ղարսը, սրանք կորցրին Շուշին։ Սա միայն Հայաստանի կորուստը չէր, սա նաև քաղաքակրթական կորուստ էր, Եվրոպայի՝ դեմոկրատիայի և ազատության տարածքը հանձնվեց բռնապետությանը և անազատությանը։ Դա ռուս մարդու համար կրկնակի վնաս էր, և՛ շովինիստների համար էր դա շատ տհաճ, իրենց ազդեցության գոտին կրճատվեց և ազդեցություն ձեռք բերեց իրենց օբյեկտիվորեն մրցակից պետությունը, կորուստ էր նաև ազատական ժողովրդավարական Ռուսաստանի համար, նրանք էլ կորցրին  ազատության և ժողովրդավարության իրենց դաշնակցին։ Այնպես որ ՌԴ-ն դեռ շատ է փոշմանելու և պետք է ջանքեր թափի իր սխալն ուղղելու համար։ Հիշենք անգլիացիների հայտնի բանաձևը․ Ռուսաստանն իր համար ստեղծում է պրոբլեմներ և հետո մեծ ջանքերով հաղթահարում է այդ պրոբլեմները։ Եվ ՌԴ-ն իր համար ստեղծեց մեծ պրոբլեմ։

Հաջորդը՝ չափազանց անակնկալ էր ՌԴ-ի համար իր գործընկերների՝ խիստ բացասական վերաբերմունքը։ Այնպես որ նույնիսկ Լավրովն իր խոսքում ասաց, որ նեղացել են մեզնից մեր գործընկերները։ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ՝ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ վրդովված են այդ սեպարատ գործարքի համար։

Այս այցը սփոփիչ այց եմ համարում և քայլ էր սխալն ուղղելու ուղղությամբ, նախապատրաստվում է հաջորդ պատերազմը։ Սա այդ պատերազմի առաջին քայլերն են, ՀՀ-ն և ԱՀ-ն արդիականացվելու են այն չափով, որ հաջորդ պատերազմում հետ վերցնեն կորցրածը։ Եվ ՌԴ-ն այդ պատերազմում կդառնա մեր դաշնակիցը։ Դաշնակից դաասալիքը վերադառնում է։

-Շոյգուն իր խոսքում նշել է․ «Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն»: Ի՞նչ արյունահեղություն կանխելու մասին է խոսքը։

-Սա նշանակում է, որ Ռուսաստանը ուզում է դառնալ իսկապես խաղաղապահ, ոչ թե օկուպանտ, ինչպես իրականում կա։ Այսինքն՝ Ռուսաստանը դեռևս խաղաղապահի մանդատ պետք է ձեռք բերի, կամ ՌԴ-ն պետք է իր տեղը զիջի միջազգային խաղաղապահ ուժերին և ընդհանրապես հեռանա լեռներից այն կողմ։ Միջազգային հանրությունը նրան կհանի, Մինսկի խումբը նրան որպես խաղաղապահ մանդատ չի տա, որովհետև ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կանոններով խաղաղապահ ուժերը պետք է լինեն անշահախնդիր պետություններից ձևավորված զինված ուժերը, ինչպես արդեն Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են։ Կամ ՌԴ-ն պետք է հայտարարի իրեն Արցախի և Հայաստանի դաշնակից և Արցախի անվտանգության պահապան՝ հակադրվելով Թուրանին, կամ նա պետք է հեռանա և ուրիշ զինվորական ներկայություն լինի Արցախի տարածքում, այլապես դա սեպարատ և դավադիր իրադարձություն է ղարաբաղյան պատերազմի կարգավորման պրոցեսում և սա սադրանք է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության դեմ։

Իսկ Շոյգուն, հայտարարելով, որ արյունահեղություն թույլ չենք տա, սադրում է։ Բա ինչի՞ համար ենք եկել, քաղաքական պայմանավորվածություն է արյունը դադարեցնելու։ Նրանք հո՞ չեն եկել ժենգյալով հաց թխելու։ Նշանակում է, որ նրանք արձանագրում են իրենց մասնակցությունը որպես խաղաղապահ, որպես դաշնակից, որպես օկուպանտ, բանակը կանխարգելելու է արյունահեղությունը։ Բացառված չէ, որ նրանք հաջորդ սխալն անեն՝ զինաթափեն Արցախը։

-Բաքուն խախտել է եռակողմ պայմանավորվածությունը, և սա համընկավ այս այցի հետ։ Ինչ-որ բա՞ն է ակնարկում Բաքուն այս քայլով։

-Անպայման պետք է խախտվի, սա ական է, անհնար է, պետք է նրանց ծրագիրը հաշվի առնել, դեօկուպացիա ամբողջությամբ, սա  փաստում է ռուսական բանակի ավանդական անկարգապահությունը, անփութությունը և կոռումպացվածությունը։ Դրանք պարբերաբար առիթներ են ստեղծելու հրադադարի ռեժիմի խախտման համար։ Եվ ճիշտ այնպես, ինչպես գեներալ Յուդենիչի բանակը լքեց  Հայաստանը՝ զենքը, զինամթերքը, հանդերձանքը, բոլոր պաշարները թողնելով թուրքական բանակին, այնպես էլ սրանք օրերից մի օր կլքեն Արցախը՝ մոռանալով իրենց մանդատի մասին։ Դրա համար հայկական բանակը պետք է պահպանվի Արցախում, հայկական բանակը պետք է մարտունակ լինի և թույլ չտա  նիկոյանների, խախանյանների գոյությունը Արցախում և Հայաստանում։ Բանակը պետք է ծառայի ՀՀ և ԱՀ անվտանգությանը։

Աղբյուր