Էրդողանն ու Ալիևը ընդհարման եզրին են՝ ռուս խաղաղապահների ներկայության պատճառով

181

Ալիևն Արցախի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել առանց Էրդողանի թույլտվության, այս մասին այսօր գրեց ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի ղեկավարած՝ WarGonzo նախագծի տելեգրամի ալիքը՝ հղում կատարելով իրենց Ստամբուլի իրավասու աղբյուրներին:

«Դիվանագիտական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ալիևը Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել՝ Էրդողանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հայտնի փաստաթուղթը։ ՌԴ նախագահն Ալիևին նման հնարավորություն չի տվել»:

Ալիքը եզրակացրել է, որ բնականաբար, այս հանգամանքը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում, քանի որ Էրդողանի պլանների մեջ չէր մտնում տարածաշրջանը ՌԴ-ի վերահսկողության տակ հանձնելը։ «Թուրքական սցենարում հաշվարկն այն էր, որ բացի ռուսական զորախմբից, Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ միջև սահմանազատման գծում պետք է կանգնած լինեին նաև թուրքական զորքերը։ Ներկայիս պայմանագիրը դա չի ենթադրում»,- հայտնել է WarGonzo Telegram ալիքը։

Այն, որ Էրդողանի համար այնքան էլ հաճելի չի լինի ռուսական խաղաղապահների առկայությունը «իր ազդեցության» տակ գտնվող Ադրբեջանի համար, պարզից էլ պարզ է: Անկարան բաց չի կարող ընդդիմանալ, սակայն «ներսում» Էրդողանն ու Ալիևը դեռ կարող են «բախվել» և բանը կարող է հասնել անգամ Ալիևին «գահից» գցելուն:

Ահա, թաքնված դժգոհությունները ցրելու համար այսօր Ալիևը շտապեց գովաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որպեսզի Պուտինին ցույց տա, որ հավատարիմ է այդ հայտարարության կիրառմանը, ասել է թե՝ Էրդողանի տրամադրությունները, եթե անգամ այնքան էլ ուրախալի չի, դա չի վերաբերում Ադրբեջանին:

Ահա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է իր հանրապետության շահերին:

Ավելի վաղ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը «անցյալում է մնացել»: «Մենք դրանից հետո կարագացնենք զարգացման մեր ուղին: Մենք հասել ենք մեր ուզածին ռազմի դաշտում: Մեր զինվորներն ու սպաները ցույց տվեցին իրենց ուժը: Մենք ցույց տվեցինք մեր ուժը քաղաքական ասպարեզում, և եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է մեր շահերին», — ասել է Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում:

Հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվում Անկարա-Բաքու իշխանական վերնախավում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո: