Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է

480

 

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է - fip.am

Համացանցում մի ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ մասամբ ավերված վիճակում։ Երևում է, որ գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։

Տեսանյութը Ֆեյսբուքում նոյեմբերի 15-ին հրապարակել էր Sevinc Asadullayeva անունով օգտատերը։ Թե ե՞րբ է այն նկարահանվել՝ անհայտ է, բայց, հավանաբար, նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունից հետո։

Fip.am-ը փորձել է տեղորոշել տեսանյութի նկարահանման վայրը և հասկանալ, թե արդյո՞ք տեսանյութում երևում է հենց Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։

Տեսանյութում պարզ երևում են մի շարք շինություններ, որոնք համընկնում են արբանյակային լուսանկարներում եկեղեցու շրջակայքում տեղակայված շինությունների հետ։ Տեսանյութում երևում են Կանաչ ժամ եկեղեցին և դրա հարևանությամբ գտնվող առնվազն հինգ շինություններ՝

1) բազմահարկ բնակելի շենք,

2) երեք տաղավար այդ բնակելի շենքի բակում,

3) կարմիր տանիքով շինություն,

4) Կանաչ ժամ եկեղեցին,

5) տաղավար,

6) ավերված շենք եկեղեցու հարևանությամբ։

Այս շինությունները համընկնում են Google Earth-ում հասանելի արբանյակային լուսանկարում երևացող՝ Կանաչ ժամ եկեղեցու հարևանությամբ գտնվող շինությունների հետ։

Իսկ այն, որ տեսանյութում երևացող շինությունը հենց Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին է, երևում է եկեղեցու՝ մինչ ավերումը արված լուսանկարների համեմատության միջոցով։

Առաջին լուսանկարում երևում են եկեղեցու հարավային ճակատի չորս պատուհանները և արևմտյան կողմում գտնվող գլխավոր մուտքը։

Ստորև ներկայացնում ենք եկեղեցու մեկ այլ լուսանկար, որում ևս հստակ երևում են եկեղեցու հարավային ճակատի չորս պատուհանները։

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին կառուցվել է 1818 թվականին։ Մինչև 2020 թվականի պատերազմը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մեկն էր։ Այն Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց ավելի հին է, սակայն ավելի քիչ հայտնի։

bfr_pSiVz.jpg