Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն

404

 

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը:

Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է խորհրդարանին՝ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի կատարումը դիտարկելու նպատակով Ադրբեջան զորք մտցնելու համար:

Առաջարկությունում նշվել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Թուրքիան եւ Ռուսաստանը միասին կաշխատեն այս կենտրոնում՝ Ադրբեջանի հայցով»:

Դա «օգտակար կլինի նաեւ տարածաշրջանում մարդկանց բարեկեցության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը «շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ համաձայնագրի շուրջ»:

Անդրադառնալով վերջերս ստորագրված խաղաղության համաձայնագրին՝ Աքարն ասել է, որ դրա համար անհրաժեշտ են «որոշակի պայմաններ»:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները Ադրբեջանում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր էին ստորագրել: