Վե՛րջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լիցքաթափման փուլին. «Թուրքիայի աշխարհաքաղաքական բլեֆը և Լավրովի «շագանակները»». Ս. Տարասով

1242

 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած լոկալ սահմանային միջադեպը փոխեց իրավիճակը տարածաշրջանում և ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այնպիսի համանախագահների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, «այժմ Ղարաբաղի մասին մտածելու ժամանակը չէ»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրն աշխարհաքաղաքական բլեֆի է դիմել և ի վիճակի չէ իրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրադարձությունների ընթացքի վրա»,- Regnum-ում գրել է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Քաղաքագետը շարունակել է. «Անցել է ավելի քան հինգ օր այն պահից, երբ սկսվեցին ռազմական բախումներն ադրբեջանա-հայկական սահմանի Թովուզի ուղղությամբ: Բայց այս միջադեպի պատճառների մասին դեռևս հստակություն չկա: Բազմաթիվ փորձագետներ մոլորվում են տարբեր ենթադրությունների մեջ՝ հաճախ տրվելով ընդհանուր տրամաբանությանը. որ երկու երկրների կառավարությունները գտնվում են պետական վատ կառավարման ճնշման տակ  կորոնավիրուսային համավարակի ժամանակ և տնտեսական դժվարություններ ունեն:

Բայց մինչ այժմ ակնհայտ են ընկալվում հետևյալ կետերը. գերմանացի քաղաքագետ և «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի բյուրոյի ղեկավար Շտեֆան Մայստերը DW-ին տված հարցազրույցում ասել է, որ «տարածաշրջանում իրավիճակի նմանատիպ սրում չի եղել արդեն մի քանի տարի, լարվածության ներկա բռնկումը վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև լիցքաթափման փուլին»: Գերմանացի քաղաքագետը նաև պնդում է, որ «Հայաստանում թավշյա հեղափոխությունից և նոր ղեկավարության գալուց հետո՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հույսեր կային, որ կլինեն փոփոխություններ և ինչ-որ շարժ տեղի կունենա: Այդ հույսերի վերջը եկավ»: Սա մեկ:

Երկրորդը՝ «Էսկալացիան տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, այլ հայ-ադրբեջանական սահմանին. սա միջպետական ​​հակամարտություն է, որն անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ»:

Տեսականորեն, բացասական սցենարի դեպքում, սա կարող է հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի ռազմավարական գործընկեր, և Թուրքիային, որը Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագիր ունի: Այն դեպքում, երբ Մոսկվան կոչ է անում հակամարտող կողմերին հրաժարվել զինված դիմակայությունից և սկսել խաղաղ քաղաքական-դիվանագիտական ​​երկխոսություն, առաջարկում է իր միջնորդությունը, ապա Անկարան այլ կերպ է գործում՝ խոստանալով Բաքվին իր աջակցությունը: Նույնիսկ եթե, ըստ որոշ թուրք փորձագետների, Թուրքիան «քաղաքական մակարդակով ապահովում է Ադրբեջանին միայն բանավոր աջակցությամբ՝ զուգահեռաբար քննադատելով Երևանին», այն քաղաքական մակարդակում գործում է ապակայունացնող սցենարով, ինչը հանգեցնում է բարդ մեկնաբանությունների:

Նշենք երրորդ կարևոր կետը: Ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Թովուզի ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունները կողմերի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի թեստ են դարձել: Հայտարարություններով են հանդես եկել ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն ու ԱՄՆ-ը:

Նրանց ընդհանուր ուղերձը հրադադարի հաստատման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ դիվանագիտական ​​հիմունքներով կարգավորելու կոչերն են: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը կոչ արեց ԵԱՀԿ-ին՝ վերադարձնել միջազգային դիտորդներին հակամարտող կողմերի շփման գծում: Սա ցույց է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լոկալ սահմանային զինված բախումը լայնածավալ հակամարտության վերածելու համար միջազգային պայմանների բացակայությունը:

Վերջապես, մեկ այլ բան ևս ակնհայտ է: Ինչպես 2016թ.-ի ապրիլին, այնպես էլ այժմ, միայն Ռուսաստանը ստիպված կլինի «կրակից շագանակներ հանել»՝ հասնելով հակամարտության դեէսկալացիային և երկու կողմերին նստեցնելով բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես ասում է հայտնի ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, «դրա կարգավորումը ձեռնտու է մեզ համար, ամբողջ հարցն այն է, թե ինչպես իրականացնել այն»:

Եվ միջանկյալ արդյունքը: Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները, ներառյալ ընդդիմությունը, որոշել են կասեցնել ներքին դիմակայությունը և միավորվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շուրջ: Նման բան հնարավոր է նաև Հայաստանում, որտեղ տարբեր քաղաքական ուժեր, մոռանալով նախկին տարաձայնությունները, ի վիճակի են Փաշինյանի շուրջը միավորվելու որոշում կայացնել՝ ընդդեմ Բաքվի սպառնալիքների: Միևնույն ժամանակ, ղարաբաղյան կարգավորման հարցում շատ բան պետք է սկսել մաքուր էջից կամ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին մշակումներին:

Այսպիսով, լոկալ միջադեպը փոխեց իրավիճակը տարածաշրջանում և ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այնպիսի համանախագահների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, «այժմ Ղարաբաղի մասին մտածելու ժամանակը չէ»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրն աշխարհաքաղաքական բլեֆի է դիմել և ի վիճակի չէ իրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրադարձությունների ընթացքի վրա: Թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է դառնալ «թուրք ազգի նոր հայրը» և ընդհանրապես բոլոր թյուրքական ժողովուրդների «խաղավարն ու հայրը», այդ երկիրը Լեռնային Ղարաբաղի համար չի զոհաբերի հարաբերությունները Մոսկվայի հետ, համենայնդեպս հիմա, քանի որ «ղարաբաղյան երկրորդ պատերազմը չի սահմանափակվելու Ղարաբաղյան հանրապետության պաշտպանության նպատակներով և առաջադրանքներով»:

 

 Աղբյուր՝ Regnum.ru