Հադրութ, Շուշի, Քարվաճառ. ինչի՞ են պատրաստ Մակրոնն ու Պուտինը

3744

 

Макрон намерен убедить Путина прекратить ведение огня из-за коронавируса

 

ՌԴ նախագահ Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում հանգամանալից քննարկել են արցախյան գոտում ստեղծված իրավիճակն ու իրադարձությունների հետագա զարգացումը: Զրույցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը, պատրաստակամություն հայտնելով, աշխատել համակարգված՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ, ընդգծել են մարդասիրական խնդիրների կարևորությունը, ներառյալ տեղահանվածների վերադարձը իրենց բնակավայրեր, բնականոն կենսագործունեության պայմանների ապահովումը: Խոսվել է այդ համատեքստում նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության մասին: Այս հարցերը հայկական կողմի համար ունեն ոչ միայն մարդասիրական, այլ նաև քաղաքական էական նշանակություն, տալով համենայնդեպս որոշակի ուղղությամբ աշխատանքի հեռանկար: Իհարկե, դեռ պարզ չէ, թե ով պետք է աշխատի այդ ուղղությամբ, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված վիճակն ու գրեթե կաթվածահար կառավարման ապարատը, հատկապես արտգործնախարարի հրաժարականի պայմաններում: Պետք է հուսալ, որ, անկախ ներքին գործընթացների ծավալումից, այդ հարցը հնարավոր կլինի լուծել շատ արագ, և արտաքին գործերի նախարարի հրաժարականը էապես չի խաթարի դիվանագիտական կորպուսի աշխատանքը:

Բանն այն է, որ մարդասիրական հարցերը առնչվում են Հայաստանի համար քաղաքական զգայուն խնդիրների: Դրանց շարքում են ոչ միայն պատերազմի ընթացքում կորսված Հադրութը և Շուշին, այլ նաև եռակողմ համաձայնագրով հանձնման ենթակա Քարվաճառը: Մի քանի հազար մարդ տեղահանվել է Հադրութից, որտեղ վերադարձի հնարավորություն չկա, քանի որ այն օկուպացրել են ադրբեջանցիները: Հադրութը ԼՂԻՄ տարածք է: Նրանց վերադարձի և բնականոն կյանքի հնարավորություն ապահովելու համար պետք է լինի Հադրութի դեօկուպացիա: Այսինքն՝ հարցը մարդասիրական է և հրատապ, ոչ թե քաղաքական: Իսկ այդ իմաստով հատկանշական է, որ Ֆրանսիան նոյեմբերի 9-ի հրադադարից ի վեր բավականին թափանցիկ հայտարարություններով և նաև բաց տեքստով խոսել է Հադրութի խնդիրը բարձրաձայնելու հանձնառության մասին, այդ թվում՝ Երևանում իր դեսպանի և հադրութցիների հանդիպման ժամանակ: Իհարկե, շատ կարևոր է, որ բարձրաձայնումը զուգորդվի նաև կոնկրետ քաղաքական աշխատանքով, այսինքն՝ Փարիզը լինի ոչ միայն հայկական խնդրի հաղորդիչ՝ ինչը, անշուշտ, ևս ինքնին հույժ կարևոր և նշանակալի հանգամանք է, այլ նաև գործնական ջանքեր արվեն խնդրի լուծում ստանալու ուղղությամբ: Պատրանք չկա, որ այդ ջանքերը կունենան մոտիկ արդյունք, սակայն աշխատանքը կարևոր է հենց դրա համար՝ առավելագույնս մոտենալ հեռու արդյունքին:

Մարդասիրական խնդիրն առկա է նաև Շուշիում, որտեղ արդեն իսկ ծաղկում է հայկական մշակութային ժառանգության հանդեպ դրսևորվող վանդալիզմը: Միաժամանակ, մի քանի հազար մարդ տեղահանված է նաև Շուշիից, ու որքան էլ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է քաղաքական, այսպես կոչված, բանակցային փաթեթում Շուշիի «լինելիության» մասին, միևնույն է՝ առավել ևս այդ պարագայում հայկական քաղաքականությունը պետք է դնի այդ հանգամանքի շրջելիության խնդիր, որքան էլ դա թվա ծանր ու բարդ: Իսկ ուրիշ ի՞նչ ունի անելու հայկական քաղաքականությունը, առավել ևս պարտությունից հետո: Եթե Շուշին ու Հադրութը արդեն իսկ մարդասիրական աղետի փաստ են, ապա Քարվաճառի պարագայում աղետը դեռևս ընթացքի մեջ է և այստեղ պետք է պարզապես կասեցնել այն: Մարդիկ տեղահանվում են: Ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25, որովհետև չեն հասցնում: Այդ ժամանակը պետք է օգտագործել, համենայնդեպս ձգտել օգտագործել առավելագույնը՝ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ աշխատանքով, որովհետև թե՛ Փարիզը, թե՛ Մոսկվան ամենևին չեն հրաժարվի այդ հնարավորությունից, եթե հաջողվի առաջացնել շահերի համադրման կամ ներդաշնակեցման միջավայր, առնվազն ևս որոշակի տևականությամբ ժամանակ շահելու համար, առնվազն ընդլայնելով հետագայում հաջողությունը զարգացնելու հնարավորությունը:

https://www.1in.am/2858364.html