Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում, շեշտում է Փոմփեոն

321

Թուրքիա - ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը Ստամբուլի օդանավակայանում դիմավորում է պետքարտուղար Մայք Փոմփեոյին և նրա տիկնոջը, 16-ը նոյեմբերի, 2020թ.

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ֆրանսիական Le Figaro օրաթերթի հետ զրույցում։ Նախօրեին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ֆրանսիական մայրաքաղաքում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանյուել Մակրոնի և արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

«Միացյալ Նահանգները Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է։ Հենց այդ շրջանակներում պետք է կարգավորվի իրավիճակը», — Le Figaro-ի հետ զրույցում շեշտել է Փոմփեոն: Պետքարտուղարը հատուկ ընդգծել է՝ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճի կապակցությամբ։

«Նախագահ Էմանյուել Մակրոնը և ես համակարծիք ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ էին», — ասել է պետքարտուղարը՝ մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, ինչպես նաև Անկարայի ռազմական գործողությունները Լիբիայում և Միջերկրական ծովում։

«Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է համատեղ աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման քայլերը չեն բխում իր ժողովրդի շահերից», — ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Փարիզում ֆրանսիական իշխանությունների հետ քննարկումների մասին հավելյալ մանրամասներ են պատմել ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Լրագրողների հետ հարցուպատասխանի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում։

Աղբյուրի համաձայն՝ Փոմփեոն Մակրոնի և Լը Դրիանի հետ մանրակրկիտ քննարկումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ Փարիզն ու Վաշինգտոնը Մոսկվայից ավելի շատ հստակություն են ակնկալում Ղարաբաղում հաստատված հրադադարի և պայմանավորվածությունների, ինչպես նաև այդ գործընթացում Անկարայի դերակատարության վերաբերյալ։

Հիշեցնենք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: Անցած շաբաթ պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ, պնդելով, որ այդ հարցի շուրջ կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։

«Որպես Մինսկի խմբի համանախագահներ նրանք համակարծիք են՝ շարունակում են հանձնառու լինել իրենց միջնորդական առաքելությանը։ Նրանք նաև ընդունում են, որ Ռուսաստանի գործողությունների շնորհիվ հաստատվել է հրադադար, որն արդեն պահպանվում է մեկ շաբաթ, բայց նաև ակնկալում են, որ Ռուսաստանը հստակեցնի բազմաթիվ հարցեր՝ ինչպես համաձայնության չափանիշների, այնպես էլ թուրքերի դերակատարության հետ կապված», — պատմել է ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հավելելով, որ Փոմփեոն և Լը Դրիանը քննարկել են Թուրքիայի մտահոգիչ գործողությունները։

Պետքարտուղարը, սակայն, Թուրքիայի մտահոգիչ գործողությունները դաշնակից այդ երկրի բարձրագույն իշխանությունների հետ անձամբ չի քննարկի:

Երեկ Ստամբուլ ժամանած Փոմփեոն որևէ հանդիպում չի ունենա ոչ նախագահ Էրդողանի, ոչ էլ արտգործնախարար Չավուշօղլուի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ դաշնակիցներ Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունների ֆոնին Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպելու Թրամփի վարչակազմում իր վերջին արտասահմանյան ուղևորության շրջանակում Թուրքիա այցելած ԱՄՆ պետքարտուղարի հետ։