Ստեփանակերտում ապրել չեմ կարող, եթե ամեն օր Շուշիից լսելու եմ նամազի և մուղամի ձայնը․Արցախցիները հանդիպեցին ՀՀ նախագահին

623

 

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հադրութի բնակիչները հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով Հադրութի դեօկուպացիա։

Ավելի վաղ այս պահանջով դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ Հայաստանում գտնվող  դեսպանատներին։

«Աղջիկս Հադրութում է ապրում, ում տունն ավերվել է, փոքրիկները մնացել են անտուն։  Ես Ստեփանակերտում եմ բնակվում, իմ բնակարանը կանգուն է, բայց այնտեղ ապրել չեմ կարող, եթե ամեն օր Շուշիից լսելու եմ նամազի և մուղամի ձայնը։ Պարզապես չեմ կարող։ Չգիտեմ՝ նախագահն ի վիճակի՞ է գոնե մեր ձայնը հասցնել այն ատյաններին, միջազգային կառույցներին, որպեսզի մեզ լսեն։ Անտուն, անօթևան, անհայրենիք ինչքա՞ն մնանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիաներից մեկը։

Հադրութցիները նշեցին, որ նամակ են փոխանցում ՀՀ նախագահին, որը 4 կետ է ներառում․քննության առնել Հադրութի դեօկուպացիայի խնդիրը, անպայման ջանքեր գործադրել, որպեսզի խնդրի լուծումը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, սկսել իրավական գործընթաց՝ տեղահանվածների խախտված իրավունքները վերականգնելու և որոշակի փոխհատուցում տալու համար, ինչպես նաև ձեռնարկել ջանքեր՝ Հադրութի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները պահպանելու իմաստով։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց հադրութցիներին, և հանդիպումից հետո ակցիայի մասնակիցներից Մերի Դավթյանը հայտնեց, որ նախագահը ևս կիսում է իրենց մտահոգությունը։

«ՀՀ նախագահն ասաց, որ շատ լավ հասկանում է Հադրութի խնդիրն ու պահանջը, բայց պետք է գիտակցենք, որ առկա իրողությունների պայմաններում մենք ընդամենը քայլ առ քայլ, մանր քայլերով կարող ենք  ինչ-որ փոփոխություն մտցնել իրավիճակում։ Նախագահը խոստացավ նախևառաջ հումանիտար ծրագրերով օժանդակել տեղահանված հադրութցիներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար։ Մենք պետք է գույքագրենք հադրութցիների կենցաղային, սոցիալական խնդիրները, ներկայացնենք, որպեսզի շատ արագ լուծվեն դրանք։ Ասաց նաև, որ միջազգային կառույցներում անպայման կներկայացվի Հադրութի պատմամշակութային հուշարձանների ժառանգությունը պահպանելու խնդիրը»,- նշեց Մերի Դավթյանը՝ հայտնելով, որ իրենց պայքարը շարունակելու են, չեն համաձայնելու ստեղծված իրերի դասավորության հետ, որը հիմա կա։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ խոսքն այս պահին միայն Հադրութում բնակվող 13500 հոգու մասին է, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում, մանկապարտեզներում, բարեկամների տանը և ունեն բազում կենցաղային խնդիրներ, դրա համար ՀՀ նախագահի առաջարկով ցուցակագրելու են, որպեսզի հումանիտար օգնություն տրամադրեն։